Ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ իրեն պատժախուց են տեղափոխել՝ քաղաքական գործունեության համար պատժելու նպատակով։
Նավալնին 11,5 տարի ազատազրկման է դատապարտված խիստ անվտանգության գաղութում՝ պայմանական վաղաժամկետ ազատման խախտումների, խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, մեղադրանքներ, որոնք նա ասում է, որ հորինված են իր քաղաքական նկրտումները խափանելու և այլախոհությունը խեղդելու համար:
Twitter-ի և Instagram-ի իր էջերում, որոնք երկուսն էլ միլիոնավոր հետևորդներ ունեն, Նավալնին իր փաստաբանների միջոցով գրել է, որ իրեն 7 օրով ուղարկել են պատժախուց:
Նավալնին գրել է, որ ամբողջ խնդիրն այն է, որ ինքը «չափազանց քաղաքական ակտիվ է բանտարկյալի համար»։
«Իմ կողմից ստեղծված բանտարկյալների արհմիությունը մեծ վրդովմունք է առաջացնում. «նրանց բանտ չեն նստեցրել, որ այստեղ արհմիություններ կազմակերպեն»,- հայտարարել է նա։
Նավալնին ասել է, որ Ռուսաստանի կողմից արգելված Հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) արշավը՝ ուղղված միջազգային պատժամիջոցները Ռուսաստանի ավելի շատ հարուստ և հզոր մարդկանց նկատմամբ, դրդեց վերջիններին կիրառել միջոցներ՝ իրեն և հիմնադրամին ստիպողաբար «հանգստի անցնելու» համար:
Նավալնին կրկին արտահայտվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմ։
«Եվ դա ինձ համար ավելի վատ չէ, քան շատերի համար, ես այստեղ ռումբերի տակ չեմ: Ես ատում եմ այս պատերազմը, և ես և Հակակոռուպցիոն հիմնադրամի իմ գործընկերները փորձում ենք գոնե ինչ-որ բան անել, որպեսզի մոտենանք դրա ավարտին»,- գրել է նա։ «Պուտինյան կոռումպացված վերնախավի վրա ճնշումը, այն է, ինչ հիմա անհրաժեշտ է»։
Անցյալ շաբաթ Նավալնին ասել է, որ հինգ օր է ստացել պատժախցում, քանի որ անմիջապես չի արձագանքել շարասյան հրամանին՝ ձեռքերը մեջքի հետևում դնելու համար:
Օգոստոսի 15-ին Նավալնին ասել էր, որ իրեն երեք օրով մեկուսացրել են բանտային համազգեստի վերին կոճակը չկոճկելու պատճառով, որը, ըստ նրա, շատ փոքր է իր համար:
Իր վերջին ուղերձում քաղաքական գործիչը բացատրել է, որ մեկուսարանում ինքը պետք է նստի «երկաթե աթոռակի վրա՝ 2x3 մետրանոց խցում»։
Սույն հոդվածը գրված է REUTERS լրատվականից ստացված տեղեկության հիման վրա: