‘’Դուգինայի սպանությունն իրականացրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները’’. փորձագետներ

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբանները խոսում են այն մասին, թե ինչու էր Ռուսաստանի իշխանություններին անհրաժեշտ Ալեքսանդր Դուգինի դստեր մահը.

Ցավակցություններ, Վլադիմիր Պուտինի կողմից հետմահու պարգեւատրում, դաշնային քաղաքական գործիչների կողմից Ուկրաինայի դեմ հարձակումներն ուժգնացնելու մասին դագաղի վրա երդումներ: Ռուսական կայսերական հայացքների քարոզիչ Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի մահվան ու հուղարկավորության տեսարանները գրեթե չէին տարբերվում ստալինյան ժամանակների սպանություններից ու սպանվածների պաշտոնական հուղարկավորություններից: Մահն ու սպանություններն ինչ որ պատրվակի համար կիրառելու մոլուցքը նորից վեր է խոյանում Ռուսաստանում, երբ Կրեմլի ջատագովները ձգտում են սպանության սլաքներն ուղղել դեպի Ուկրաինա:

Գործը հասավ նրան, որ վարկածներից մեկի համաձայն, սպանությունն իրականացրել է 12-ամյա դստեր և կատվի հետ զբոսանքի դուրս եկած մի կին: Մի բան, որը շատ շուտով վերածվեց համացանցային ծաղր ու ծանակի: Գրառումներ, որոնց հեղինակներից շատերը նաեւ ծաղրում էին Դարյայի ազգայնամոլ հորը` Ալեքսանդր Դուգինին, որը դստեր հուղարկավորության ժամանակ պատմում էր, թե ինչպես է իր աղջիկը մեծացել ‘’մեր ազգը’’, ‘’մեր կայսրությունը’’, ‘’մեր հաղթանակը’’ լոզուգների ներքո:

‘Բարձր մակարդակի հանցագործություն, որը կարելի է դարձնել պատերազմի գործիք’’, ասում են փորձագետներից շատերը: Այսինքն` պատրվակ, որպեսզի Ուկրաինայում հետագա ավելի դաժան գործողություններն ունենան ինչ որ արդարացում:

Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական հաստատության փորձագետ Նիկոլայ Պետրովը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, որ Դարիա Դուգինայի մեքենայի պայթեցումը կարող է լինել ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործը: Նա կարծում է, որ Ուկրաինայի հետ պատերազմում սա անցում է դեպի համընդհանուր մոբիլիզացիա. «Նրանք ցանկանում են պատերազմը, որը ներկա պահին տեղի է ունենում ռուսների աչքերից շատ հեռու, վերածել իրական պատերազմի: Պատերազմ, որին մասնակցում են ‘’բոլորից վիրավորված’’ ռուսները` որպես ինքնապաշտպանություն:

Ռուսական անվտանգության ուժերի համար կա ևս մեկ հնարավոր պատճառ՝ կազմակերպելու «մեծ հնչողություն ունեցող մահ՝ վրեժխնդրության պահանջ», երբ Մարիուպոլում կազմակերպվում է ‘’Ազովստալ’’-ը պաշտպանած ուկրաինացի զինվորականների դատավարությունը: Այս կարծիքին է Պրագայի Կառլի համալսարանի Բորիս Նեմցովի անվան ռուսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Մորոզովը:

«Բացի այդ’’, ասում է նա, ‘’ Պուտինի համար այն կարող է դառնալ Խերսոնի շրջանը բռնակցելու մասին որոշում կայացնելու պատրվակ’’: Այս դեպքում Պուտինը կարող է ասել. «Տեսեք, թե ինչ են անում ուկրաինացիները։ Այնպես որ, մեր գործողությունները միանգամայն արդարացված են’’, ասում է նա։

Դա, ըստ վերլուծաբանի, կարող էր կազմակերպված լինել նաեւ պատերազմը սաստկացնելու նպատակ ունեցող այն ուժերի կողմից, որոնք ուզում են Պուտինին մղել գրավելու Խարկովն ու Օդեսան:

Պուտինն, ասում են մեծաթիվ փորձագետներ, Ռուսաստանի վերջին ցարն է, որն իր գործողություններն իրականացնում է` ավելի շատ թուլությունից, քան ուժից ելնելով: Այլ կերպ ասած, Պուտինն ուզում է սանձել ժողովրդավարական ինքնորոշման կենտրոն դարձած Ուկրաինային և ռուսական ոլորտի նախկին մյուս պետություններին, որոնք բոլորն էլ այժմ ցանկանում են, Ռուսաստանից հեռանալով, միանալ Արևմուտքին: Եվ այս ճանապարհին Պուտինը փնտրում է արդարացումներ:

Իսկ արդարացումը ազգայնամոլության տարածումն է: Ազգայնամոլության տարածման համար անհրաժեշտ է ատելության խորացում, ատելության խորացման համար` Դուգինայի սպանության նման գործողություններ:

Արամ Վանեցյան

Դանիլա Գալպերովիչ