Այս տարվա օգոստոսի կեսերին ռուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են նյութ, ըստ որի՝ ամերիկյան պաշտպանական կապալառու Raytheon-ը խոստովանել է, որ իր «Ջավելին» (Javelin) հակատանկային հրթիռներն անարդյունավետ են Ուկրաինայի պատերազմում։
Այս պատմությունը վերատպվել է «Վզգլյադ», UF.ru, ԱիՖ, «Ցարգրադ», «Վեչերնայա Մոսկվա», «Բիզնես օնլայն» և այլ հրատարակչություններում, որոնք Яндекс.ру որոնման համակարգում առաջնային դիրքերում են։
Հրապարակումներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է հազարավոր «ջավելինների» և բարձր տեխնոլոգիական այլ զենք ու զինամթերքի մատակարարում։
Նախկինում կրեմլյան քարոզչությունը ուղղակի փնովում էր Ուկրաինա մտնող արևմտյան զենքը։ Այս անգամ Մոսկվան որպես ապացույց վկայակոչում է ջավելինների «Raytheon Missiles & Defense» ամերիկյան արտադրողի «պնդումը», որն իբրև «խոստովանում է», որ իր զենքը չի աշխատում։
Այս հայտարարությունը հայտնվել է RT-ի (նախկինում՝ Russia Today) ինչ-որ «հետաքննության» մեջ՝ «Սուրբ Ջավելինի անկումը. ինչու են «ջավելինները» անարդյունավետ Ուկրաինայում» վերնագրով։
RT-ն իբրև ստացել է Raytheon-ի ներքին օգտագործման փաստաթղթեր՝ նյութի մեջ տեղադրելով երեք ինֆոգրաֆիկա, որոնցից մեկը նշված է «Raytheon Missile Systems»-ի տարբերանշանով։ Այդ ինֆոգրաֆիկաներում համեմատվում են «ջավելինների» և համանման զինատեսակների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև «ապացուցվում» է, որ «ջավելինները» ավելի վատն են։
Ռուսական քարոզչությամբ տարածվող այդ «ապացույցների» կեղծ լինելու մասին ներկայացվում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութում։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Պարզվել է, որ ինֆոգրաֆիկան «կեղծ» է և որևէ առնչություն չունի Raytheon-ի փաստաթղթերի հետ։
Ուկրաինան հրաշալի կերպով օգտագործել է «ջավելինները» ռուսական լավագույն տանկերը ոչնչացնելու համար։
«Այդ փաստաթղթերը մեր ընկերության կողմից չեն ստեղծվել, իսկ ջավելինների արդյունավետության մասին փաստերն են վկայում», «Պոլիգրաֆին» (Polygraph.info) տված հարցազրույցում ասել է Raytheon ընկերության միջազգային հաղորդակցությունների գծով ավագ տնօրեն Մայք Նաքշենը՝ մեկնաբանելով RT-ի հրապարակումը։
Իրականում «ջավելինները» գովում էին հենց նրա համար, որ դրանք փոխել են իրավիճակը ռազմի դաշտում։
«Ջավելինները» «հավանաբար ամենաբարդ և ամենահզոր» հակատանկային զենքն են», այս տարվա մարտին Stars and Stripes ռազմական լրատվական գործակալությանը ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը։
Stars and Stripes-ը նկարագրել է «ջավելինների» առավելությունները, այդ թվում՝ «թիրախի ջերմային պատկերը» որսալու դրանց կարողությունը, զենքի թեթև քաշը, արձակման ժամանակ արտանետումների ու ծխի բացակայությունը և հրաձիգի բարձր անվտանգությունը։ «Ջավելինների» օպերատորները թիրախին հետևելու կարիք չունեն, ինչը նրանց թույլ է տալիս անմիջապես փոխել դիրքը և վերալիցքավորել զենքը։
«Չնայած «ջավելինը» կարող է խոցել ջերմություն ճառագող ցանկացած տեխնիկա, այն առավել արդյունավետ է տանկերի ոչնչացման համար, քանի որ կարող է խոցել վերևից», գրում է Stars and Stripes-ը։
«Այդ իսկ պատճառով այն կոչվում է «javelin»՝ «տեգ», որի թռիչքի հետագիծը նման է նետված նիզակի հետագծին», բացատրում է գործակալությունը։
Ուկրաինայում «ջավելինների» արդյունավետությունը դրդել է բրիտանական ռազմական գերատեսչությանը Raytheon-ից ձեռք բերել 300 միլիոն դոլար ընդհանուր գումարի 513 այդպիսի կայանք, հաղորդել է National Interest հրատարակչությունը։
RT-ի ապատեղեկատվական հրապարակման վերնագրում «սուրբ Ջավելին» բառակապակցությունը, որը «մեմ» է դարձել, արտացոլում է Ուկրաինայում ամերիկյան հրթիռների լայն հանրաճանաչությունը։
«Մարիամ Մագդաղենացու հետ» անիմացիան, որտեղ նա կրծքին է սեղմում «ջավելին» հրթիռը, դարձել է «Ռուսաստանի գերազանցող ուժերին Ուկրաինայի դիմադրության հրաշք թվացող» կուլտային խորհրդանիշ, մարտին գրել է Մեթյու Փարենթը Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցի Բելֆերի կենտրոնից։
«Սուրբ Ջավելինին» են նվիրված ուկրաինական քաղաքներում հսկայական փողոցային վահանակները և ուկրաինացիների երգերը։
Կանադայի քաղաքացու կողմից ղեկավարվող Saint Javelin բարեգործական կազմակերպությունը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դոլար նվիրատվություն՝ Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար։
«Ուկրաինացիները հմտորեն օգտագործում են «ջավելին» հրթիռները ռուսական զրահատեխնիկայի ոչնչացման համար», արդեն փետրվարին գրել էր National Interest-ի ռազմական բաժնի խմբագիր Քրիս Օսբորնը։
«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հստակ հասկացրել է, որ «ջավելինների» մատակարարումը կարող է որոշիչ գործոն լինել ռուսական հարձակումը հետ մղելու գործում և «երկրորդ շունչ կտա» պայքարող ուկրաինացիներին։
Վերը նշվածի և այսօրվա դրությամբ վերջին օգնության փաթեթի հետ միասին՝ Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ընդհանուր ռազմական աջակցությունը կկազմի 9,8 միլիարդ դոլար։
Ավելի վաղ «Պոլիգրաֆը» (Polygraph.info) հերքել է նաև Ռուսաստանի այլ կեղծ պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր Ուկրաինային «աղբ» է մատակարարում։