Լրացավ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման մեկ տարին. ճի՞շտ էր արդյոք այդ որոշումը

Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից մեկ տարի անց հարց է մնում՝ ճի՞շտ էր արդյոք ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը։

Անցյալ տարվա օգոստոսին, երբ ամերիկյան բանակն ավարտում էր իր հետքաշումն Աֆղանստանից, այս երկրի զինված ուժերը դոմինոյի պես փլուզվում էր ամբողջ երկրում: Իսկ երբ Թալիբանի զինյալները գրավեցին Քաբուլը, երկիրը հայտնվեց քաոսի մեջ:

Մեկ տարի անց, «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ համատեղ հարցազրույցում, տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի վերջին երկու հրամանատարներն այժմ խոսում են այն մասին, թե որն էր թույլ տրված սխալն Աֆղանստանում:

Պաշտոնաթող գեներալ Ֆրենք ՄաքՔենզիի խոսքերով, ողբերգական իրադարձությունների գլխավոր պատճառը Աֆղանստանն ամբողջությամբ լքելու որոշումն էր: ‘’Եվ այդ որոշումը կայացվել է երկու նախագահների կառավարման ներքո’’, ասում է նա:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի պաշտոնյաներն էին թալիբների հետ ժամանակին ստորագրել մինչեւ 2021 թվականի մայսի ամիսը բոլոր ուժերը դուրս բերելու մասին համաձայնագիր: Ջո Բայդենի թիմն էլ չանտեսեց այդ որոշումը: Պարզապես ժամկետը երկարաձգեց մինչև օգոստոսի 31-ը:

Աֆղանստանում ամերիկյան ուժերի պաշտոնաթող մեկ այլ գեներալ` Ջոզեֆ Վոթելը գտնում է, որ դուրսբերման դեպքում ոչ բոլոր ուժերը պիտի հեռանային այստեղից: Գեներալներ Ֆրենք ՄաքՔենզին եւ Ջոզեֆ Վոթելը նույն կարծիքին են` որ ամերիկացի առնվազն 2500 զինվորականներ պիտի մնային այստեղ՝ աֆղանական ուժերին մարտում պաշտպանելու համար:

ՄաքՔենզիի խոսքերով, ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո աֆղանական բանակը ‘’փլուզվեց և կորցրեց պայքարելու կամքը»:

Սակայն նախագահ Բայդենն այն ժամանակ հայտարարեց, թե ինքը չի պատրաստվում հավերժ երկարաձգել այս պատերազմը: ‘’Աֆղանստանում պատերազմը երրորդ տասնամյակ տեղափոխելու կողմնակիցներին հարց եմ տալիս, թե որն է մեր կենսական ազգային շահը: Իմ կարծիքով, մենք ունենք լուծելու միայն մեկ խնդիր՝ համոզվելու համար, որ Աֆղանստանը երբեք չի օգտագործվի մեր հայրենիքի դեմ հարձակում սկսելու համար», ասել էր նա:

Սակայն Աֆղանստանում ամերիկյան ուժերի նախկին երկու հրամանատարները, որոնք բանակը ղեկավարել են մոտ քսան տարի, ասում են, որ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզական ու փաստահավաք ներկա առաքելությունը շատ ավելի փոքր է, քան մինչեւ զորքերի դուրսբերումը: Նրանք հայտնում են մտահոգություն այն մասին, որ ամերիկացիներն այսօր ավելի ապահով չեն, քան մինչեւ դուրսբերումը:

«Մենք շատ բան չգիտենք այն կազմակերպությունների, ահաբեկչական խմբավորումների մասին, որոնք մնացել են այնտեղ», ասում են երկու գեներալները ու շարունակում. ‘’Աֆղանստանն ավելի անկայուն է այսօր, ինչն իր ազդեցությունն է գործում ամբողջ տարածաշրջանի վրա’’:

Հիշեցնենք, որ ամերիկյան ուժերի տարհանման միայն վերջին օրվա ընթացքում ահաբեկչական հարձակման զոհ դարձան ամերիկացի 13 զինծառայող և առնվազն 170 այլոք: Սա վերջին տասնամյակի ընթացքում ամենամահաբեր օրն էր ամերիկյան զորքերի համար:

Երկու շաբաթվա ընթացքում Աֆղանստանից հաջողվեց տարհանել ավելի քան 120 հազար մարդ: Սակայն ԱՄՆ-ի տասնյակ հազարավոր դաշնակիցներ մնացին այնտեղ` չհասցնելով միանալ ռազմաօդանավերի փախչող քարավանին:

''Ամերիկայի Ձայն''