Զապորոժժիայի ատոմակայանից սպասվող վտանգն աճում է

ՄԱԿ-ի ղեկավարն ու Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Ռուսաստանի կողմից սկսված պատերազմին վերջ տալու և Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի անվտանգությունն ապահովելու ուղիները: Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին մի քանի օրերի ընթացքում միմյանց են մեղադրում ատոմակայանի մոտ հրթիռակոծությունների համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Լվովում հինգշաբթի օրը բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ ինքը խիստ անհանգստացած է Զապորոժժիայի ատոմակայանի շուրջ առկա իրադրության համար և կոչ է արել դուրս բերել ռազմական տեխնիկան ու անձնակազմը:

Ռուսաստանը հայտարարել է, թե պատրաստվում է կայանն անջատել Ուկրաինայի էլեկտրացանցից: Գուտերեշը կոչ է անում հեռու մնալ նման քայլից:

Ուկրաինան չորեքշաբթի օրը Զապորոժժիայում միջուկային աղետների արձագանքման զորավարժություններ է անցկացրել: Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տվել, որ ատոմակայանի շրջակա դաշտերում սկսել են երեւալ այրվող հետքեր:

Ռուսաստանը, որն ատոմակայանը գրավել է Ուկրաինայում ներխուժում սկսելուց շատ չանցած, հայտարարում է, որ կարող է դադարեցնել կայանի աշխատանքները, ինչը, ըստ մասնագետների, կմեծացնի միջուկային աղետի վտանգը:

Ավելի վաղ Ռուսաստանը մերժել էր ապառազմականացված գոտի ստեղծելու միջազգային կոչերը՝ դրանք համարելով «անընդունելի» առաջարկներ: Չնայած Ռուսաստանի կողմից գրավված լինելու փաստին, կայանի աշխատանքները շարունակում են իրականացնել ուկրաինացի ճարտարագետները:

Ինչպես ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն է ասել ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ուկրաինական ծառայությանը, ‘’Ատոմակայանի մոտակայքում ռազմական գործողություններ չպետք է լինեն։ Դա չափազանց վտանգավոր է։ Տարածաշրջանում կան զգայակներ, որոնց անդադար հսկում են մեր գիտնականները։ Եվ մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ արել է Ռուսաստանը’’։ Նրա խոսքերով, գործարանի հսկողությունը պետք է վերադարձվի ուկրաինացիներին: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարն ասել է նաեւ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է մուտքի հնարավորություն ունենա, որպեսզի կարողանան օգնել անվտանգության հարցում, կարողանան վերահսկել, համոզվել, որ անվտանգության պահանջները կատարվում են: ‘’Սակայն դա դեռ տեղի չի ունենում’’, ասել է նա ու մեկ անգամ եւս հորդորել, որ Ռուսաստանը կայանի վերահսկողությունը վերադարձնի ուկրաինացիներին եւ դադարեցնի ռազմական բոլոր գործողությունները գործարանի մոտ:

Էլեկտրակայանը գտնվում է Էներհոդարի հսկայական ջրամբարի հարավային ափին, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից. Ուկրաինական ուժերը գտնվում են հյուսիսային ափում:

Զապորոժժիայի ատոմակայանն ունի խորհրդային արտադրության ջրով սառեցման և ջրով չափավորվող ռեակտորներ, որոնք պարունակում են ուրան 235: Ուրան 235-ի կես կյանքը կազմում է 700 միլիոն տարի: Սա նշանակում է, որ այդքան ժամանակ է պահանջվում այս ուրանի ռադիոակտիվության կիսով չափ անկման համար:

Այս ատոմակայանը Եվրոպայի ամենախոշորն է և ամենախոշորներից մեկն` աշխարհում։