ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը չորեքշաբթի օրն ասել է, որ անցյալ տարվա հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումում տեղի ունեցած խռովությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովին ներկայանալու կանչը կդիտարկի ‘’պատշաճ ուշադրությամբ’’:
Անցյալ տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման ժամանակ երկրի փոխնախագահ Մայք Փենսը հայտնվել էր ցուցարարներից մի քանիսի թիրախում, որոնք պահանջում էին նրան կախաղան բարձրացնել այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջից հրաժարվելու համար: Հիշեցնենք, որ Թրամփը Փենսից պահանջել էր չեղարկել ընտրություններում ՝ իր պարտությունը:
Ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին հրապարակումից հետո Թրամփի մոտ 2000 կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում և մի քանի ժամ արգելափակեցին շենքը:
Մի քանի նահանգներում անցկացված հավաքների ժամանակ Փենսը վերջերս հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ստիպում են հավատալ, որ նա իրոք կկանգնի Կոնգրեսի հանձնաժողովի առջեւ:
«Պատմության մեջ աննախադեպ կլինի, երբ փոխնախագահին կանչեն Կապիտոլիումում ցուցմունք տալու: Բայց, եթե երբևէ որևէ պաշտոնական հրավեր լինի, մենք կդիտարկենք պատշաճ կերպով», ասել է նա:
Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է վերսկսել լսումները սեպտեմբերին` ամառային արձակուրդից հետո:
Հանձնաժողովն արդեն լսել է Փենսի երկու հիմնական օգնականների ցուցմունքները: Նրա աշխատակազմի ղեկավար Մարք Շորթը և նրա փաստաբան Գրեգ Ջեյքոբը տվել են վկայություններ այն մասին, որ Թրամփն, այո, ճնշում գործադրել է փոխնախագահի վրա` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները:
Հանձնաժողովի նախագահ Բենի Թոմփսոնը ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը բացառել է Փենսին նիստին մասնակցելու կանչ ուղարկելու հնարավորությունը` ակնարկելով Շորթից և Ջեյքոբից արդեն իսկ ստացված «կարևոր տեղեկությունները»:
''Ամերիկայի Ձայն''