Ուկրաինայում պատերազմը կարող է լրջորեն փոփոխել զենքի համաշխարհային շուկան`բացասաբար ազդելով ռուսական զենքի արտահանումների ծավալի վրա: Այսպես են կարծում որոշ անկախ ռազմական փորձագետներ։
Օրինակ, շվեդական հետազոտական Stockholm Free World Forum-ի ավագ գիտաշխատող Անդերս Օսլունդը կասկած է հայտնում, որ որևէ մեկը կգնի ռուսական ռազմական տեխնիկա, երբ Ուկրաինայում դեմ պատերազմում այն ձեռք է բերել վատ համբավ: ‘’Բացի այդ, ռուսական պաշտպանական արդյունաբերությունը կարծես, թե չի կարողանա պահեստամասեր տրամադրել արդեն վաճառված սպառազինության համակարգերի համար, կարծում են փորձագետները։ Իսկ առանց արեւմտյան միկրոէլեկտրոնիկայի, ռուսական զենքն իր որակով համապատասխանում է անցյալ դարի մակարդակին ու շատ հեռու է ժամանակակից զենքերից: Ռուսական զենքերը կարող են հարվածել հրապարակներին, սարսափ ու ավերածություններ տարածել շուրջը, սակայն կետային կրակոցը շատ մոտավոր նշանառություն ունի’’։
Ավելի վաղ նմանատիպ եզրակացությունների էր հանգել բրիտանական ռազմական հետախուզությունը։ Այս գործակալության կարծիքով, արևմտյան պատժամիջոցներն ավելի ու ավելի են ազդում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վրա, որն արդեն իսկ խնդիրներ ունի զրահատեխնիկայի արտադրության հետ կապված նույնիսկ Ուկրաինայում գործող իր զորքերի համար։
«Անհասկանալի է, թե ինչ մասշտաբի է պատերազմելու անպատժելիությունից ցնորված ռուս բռնապետը»
Չնայած այս ամենին, Ռուսաստանը ձգտում է զենքի արտահանման առումով մնալ համաշխարհային առաջատարների շարքում: Այն փորձում է նաեւ պահպանել քաղաքական իր ազդեցությունն այն տարածաշրջաններում, որտեղ դեռ ունի որոշակի ազդեցություն: Այս մասին է ասում տնտեսական վերլուծաբան Սեմյոն Նովոպրուդսկին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ Նա հիշեցնում է, որ Մոսկվան զենք է արտահանում այն երկրներ, որոնք իր դեմ պատժամիջոցներ չեն կիրառել։ «Հետևաբար, անկախ Ուկրաինայի պատերազմից, Ռուսաստանը կփորձի երրորդ աշխարհի երկրներին վաճառել իր զենքերը», ասում է նա։ Հիմնականում, իհարկե, սա սովետական զենք է՝ այս կամ այն չափով ձեւափոխված։ Ռուսաստանը տարբեր երկրների զենք մատակարարելու մասին պատերազմից առաջ կնքված պայմանագրեր ունի:
Սակայն այս ասպարեզում կան նոր մրցակիցներ: ‘’Մասնավորապես, Իսրայելը դարձել է Ռուսաստանի հիմնական մրցակիցը Հնդկաստանի սպառազինության շուկայում, որը մեծ քանակությամբ արտասահմանյան զենք է գնում’’, ասում է վերլուծաբանը, միեւնույն ժամանակ նշելով, որ ռուսական զենքի պահանջարկն այնուամենայնիվ շարունակվում է: Սակայն հնարավոր է նաև, որ Ռուսաստանն այսօր չցանկանա մատակարարել զենքի որոշ տեսակներ՝ դրանք Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Փորձագետները նշում են, որ ուկրաինական ճակատում ռազմական տեխնիկայի ամենալուրջ կորուստների պատճառով ռուսական զորքերը զենքի, հատկապես տանկերի ակնհայտ պակաս են զգում:
Աշխարհի ոչ մի երկիր, որպես կանոն, չի վաճառում իր ամենաառաջադեմ զենքը, և Ռուսաստանը բացառություն չէ, պնդում է դիտորդը։ Նրան թվում է, որ այս առումով ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, ամենայն հավանականությամբ, դեռ կարողանում է բավարարել իր հաճախորդների կարիքները՝ չնայած բաղադրիչների հետ կապված բոլոր դժվարություններին։
«Ինչ վերաբերում է սեփական բանակի կարիքներին, ապա պարզ չէ, թե ինչ մասշտաբի պատերազմ է վարելու ռուս բռնապետը՝ անպատժելիությունից խելագարված։
Ակնհայտ է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերության դեմ ոչ մի պատժամիջոց չի կարող կասեցնել պատերազմն Ուկրաինայում։ Դա կարող է տեղի ունենալ միայն Պուտինի ռազմական պարտության դեպքում, ինչի համար Արևմուտքը պետք է մեթոդաբար ավելացնի զենքի մատակարարումները Ուկրաինային, այլ ոչ թե դա անի ժամում մեկ թեյի գդալի չափով»,- ասում է Սեմյոն Նովոպրուդսկին։
Կոպենհագենում օգոստոսին անցկացված դոնորների համաժողովում, որին մասնակցել են 26 երկրների պաշտպանության նախարարներ, խոստացել են ավելի քան մեկուկես միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար։
''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն
Վիկտոր Վլադիմիրով