ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված Աֆրիկայի ռազմավարությունը խոստանում է հավասարություն ամենաարագ աճող մայրցամաքին, նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ Աֆրիկա կատարած իր շրջագայության ժամանակ:
«Մենք ձգտում ենք իրական գործընկերության Միացյալ Նահանգների և Աֆրիկայի միջև: Չենք ցանկանում անհավասարակշիռ կամ զուտ գործարքային հարաբերություններ,» ասել է նա:
Աֆրիկայի դիտորդներն ասում են, որ այս հարցում քայլեր են արել նաև Չինաստանը և Ռուսաստանը: Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ենթակառուցվածքի նախաձեռնությունը վերջերս հատել է մայրցամաքը, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս շրջագայել է մայրցամաքում՝ հիշեցնելու իրենց հին կապերի մասին:
«Կարծում եմ, որ այս հռետորաբանության փոփոխությունը Չինաստանի կողմից օգտագործված տնտեսական զարգացման «գործընկերներ» տերմինի շնորհիվ է, որը բավականին լավ է ընդունվել աֆրիկյան մայրցամաքում,» ասել է Սենթ Լոուրենսի համալսարանից Քրիստին Մաքքին:
Your browser doesn’t support HTML5
Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ-ի գործընկերական նպատակները կարտացոլվեն այս տարվա վերջին կայանալիք ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերանայման ժամանակ:
2014 թվականին այս գագաթնաժողովի ժամանակ նախկին նախագահ Բարաք Օբաման չէր հրավիրել Զիմբաբվեի առաջնորդ Ռոբերտ Մուգաբեին: Օբամայի պատճառաբանմամբ, նա գնալով ավելի ավտորիտար էր դառնում:
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է փորձի ցույց տալ, որ ցանկանում է սեղանի շուրջ տեսնել բոլորին, նույնիսկ նրանց, ում այդքան էլ չի նախընտրում: Այսպիսով, վստահ եմ, որ ժողովին կմասնակցեն շատ աֆրիկացի առաջնորդներ,» ասել է Արտաքին հարաբերությունների խորհրդից Էբենեզեր Օբադարը:
Օբադարի խոսքերով, թեև ԱՄՆ-ի այս քաղաքականությունը այնքան էլ չի տարբերվում երկրի նախկին քաղաքականությունից, այն միևնույնն է արթնացնում է հաշտեցման հույսը: Այսպիսով, կարելի է ասել, որ այս անորոշ ժամանակներում ԱՄՆ-ի համար սա Աֆրիկայի հետ հարաբերությունների բարելավման հստակ ճանապարհ է:
Հոդվածը պատրաստվել է Անիտա Փոելի նյութի հիման վրա: