Ստամբուլ է ժամանել ուկրաինական ցորեն փոխադրող առաջին նավը

Կիրակի օրը Ստամբուլ է ժամանել ուկրաինական ցորեն փոխադրող առաջին նավը, հայտնել է թուրքական քաղաքում տեղակայված Համատեղ կոորդինացիոն կենտրոնը:

Բելիզի դրոշի տակ նավարկող «Սորմովսկի» նավը բեռնված է 3050 տոննա ցորենով: Այն Ուկրաինայի Չորնոմորսկ նավահանգիստից դուրս է եկել ուրբաթ օրը:

Ռուսաստանի հետ կնքված գործարքից հետո, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայից ընդհանուր առմամբ մեկնել է հացահատիկ արտահանող 18 նավ: Գործարքը թույլ է տալիս վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից:

Նավերը նաև տեղափոխում են մի շարք գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ եգիպտացորեն, արևածաղկի սերմեր, ալյուր, բուսական յուղ և սոյա:

Մինչև փետրվարի 24-ը Ուկրաինան և Ռուսաստանը միասին ապահովում էին ցորենի համաշխարհային արտահանման գրեթե մեկ երրորդը: Սակայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված հարձակման հետևանքով, հացահատիկի արտահանումը դադարել էր: հինգ ամսով:

Անցյալ ամիս Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կնքված այս համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ համատեղ, քանի որ կային մտավախություններ, որ ուկրաինական հացահատիկի պաշարների կորուստը կարող է հանգեցնել սննդի լուրջ պակասի և նույնիսկ` դառնալ սովի բռնկման պատճառ աշխարհի որոշ հատվածներում:

Հոդվածը պատրաստվել է Ջեյսոն Գոդմենի նյութի հիման վրա: