Շուրջկալի ու ներխուժման է ենթարկվել Թրամփի առանձնատունը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն ասել է, թե Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր Մար-Ա-Լագոյի կալվածքը շուրջկալի է ենթարկվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալների կողմից:

«Համապատասխան կառավարական կառույցների հետ աշխատելուց և համագործակցելուց հետո այս չհայտարարված գրոհն իմ տան դեմ անհրաժեշտ ու տեղին քայլ չէր», - ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Թրամփը չի ասել, թե ինչու է տեղի ունեցել ներխուժումն իր կալվածք: Մար-Ա-Լագոն «ներկայումս շրջափակման մեջ է, ենրարկվել է գրոհի եւ այժմ գրավված է ՀԴԲ-ի գործակալների մի մեծ խմբի կողմից», - ասել է Թրամփը: «Նրանք նույնիսկ բացել են իմ չհրկիզվող պահարանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը սկսել է նախագահական պաշտոնական գրառումները Թրամփի կողմից իր կալվածք տեղափոխելու շուրջ հետաքննություն: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ-ի Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությունը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Թրամփի այս տնից հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի շուրջ 15 տուփ, որոնցից մի քանիսը պարունակում են գաղտնի տեղեկություններ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկման հանձնաժողովն այն ժամանակ հայտարարել էր, որ ընդլայնում է Թրամփի գործողությունների հետաքննությունը և արխիվներին խնդրել էր լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Դատախազությունը տեղեկացնում է, որ նախագահները պարտավոր են բոլոր նամակներն ու բոլոր փաստաթղթերը հանձնել Ազգային արխիվ: Գաղտնի փաստաթղթերի համար գործում են այլ օրենքներ

Նման շուրջկալ ու գրոհ ԱՄՆ-ի պատմության ընթացքում երբեւիցե չի եղել երկրի որեւէ նախկին նախագահի առանձնատան դեմ: