ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև հայտնել Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը:
"Մենք ուշադիր հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից:
Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը",- ասել է նա:
Օսթրիանը նաև նշել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով դեէսկալացնել իրադրությունն ու ուղիղ շփումներ սկսել՝ նվազեցնելու լարվածությունը: "Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման",- հավելել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը: