Օգոստոսի 3-ի ռազմական էսկալացիան անմիջապես բավականին լայն արձագանք գտավ միջազգային հանրության շրջանում, հնչեցին ռազմական գործողությունները դատապարտող բազմաթիվ հայտարարություններ: Եվ դա ցույց է տալիս, որ տարածաշրջանի նկատմամբ կա հետարքրություն ու զգայնություն, գնահատում է քաղաքագետը։
Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրադրությանը։ Նա կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ և արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս նախօրեին չէր բացառել, որ հանդիպման օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ հաշվի առնելով այստեղ լարվածության վերջին աճը: Սակայն, ըստ Կրեմլի տրամադրած հաղորդագրության, իրենց բացման խոսքերում ռուս և թուրք առաջնորդները չեն հիշատակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Միայն ՌԴ նախագահ Պուտինի կողմից նշվել է. «Իհարկե, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցով մենք վաղուց ենք զբաղվում: Ես նկատի ունեմ տարածաշրջանային անվտանգության հարցերը, նախ և առաջ նկատի ունեմ սիրիական ճգնաժամը, ուր Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում, և այդ թեման ևս, իհարկե, մեր ուշադրությունից չի վրիպելու»:
Եվ այսպես, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունները բավարար չեն խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, ուրեմն «անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»:
Որքանով է դա հնարավոր` մեկնաբանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը․
«Իհարկե Հայաստանին շատ ձեռնտու կլիներ, որ խաղաղապահներն ունենային միջազգային մանդատ, որովհետև ներկայումս խաղաղապահների գործողություններն ամբողջությամբ կախված են կոնկրետ պետության գերագույն գլխավոր հրամանատարի պատկերացումներից կամ ցանկություններից: Ընդ որում, այստեղ կարևոր էլ չէ պետության անունը կամ ղեկավարի անուն-ազգանունը: Ցանկացած պահի այդ անձը, եթե որոշի, որ խաղաղապահները պետք է այդտեղ չմնան, նա կարող է հանել այդ ուժերը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով արցախահայության համար։ Եթե լինի միջազգային մանդատ, հստակ կլինեն թե՛ ժամկետները, թե՛ նրանց գործառույթները, թե՛ պարտականությունները, իրավունքները, և մեկ մարդու որոշումից կախված չի լինի նրանց գործունեությունը։ Սակայն, ցավոք, ես հիմա իրատեսական չեմ համարում միջազգային մեխանիզմների կամ միջազգային մանդատով խաղաղապահ առաքելության իրականացումը։ Նախ` Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի, իսկ առանց Ադրբեջանի համաձայնության, որևէ մեկը չի կարող միջազգային խաղաղապահական առաքելություն ուղարկել Ադրբեջան։ Երկրորդ` եթե խոսում ենք միջազգային խաղաղապահ առաքելության մասին, ապա դա պետք է ունենա մանդատ կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, կամ ԵԱՀԿ-ից։ Եթե այդ խաղաղապահ ուժերում շարունակելու են զգալի տեղ զբաղեցնել ռուսները, նույնիսկ, եթե դա լինի՝ ռուսներ գումարած այլ պետություններ, այս դեպքում էլ մի փոքր դժվար է պատկերացնել, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները կքվեարկեն խաղաղապահական մանդատի օգտին, որը կներառի ռուսական զորքերի տեղակայում հետխորհրդային որևէ պետության տարածքում՝ հաշվի առնելով փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում պատերազմը, մեղադրանքները ռուսական զինված ուժերի հասցեին՝ Ուկրաինայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, իսկ որոշները նույնիսկ արդեն ցեղասպանության մասին են խոսում։ Իսկ երկրորդ տարբերակը՝ եթե այդ խաղաղապահ առաքելությունը չի ունենալու ռուսական ուժեր և բաղկացած է լինելու այլ պետություններից՝ ռուսական զորամասնակցությամբ, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը չպիտի օգտագործի իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, կամ վետոյի իր իրավունքը՝ ԵԱՀԿ-ում։ Ամփոփելով՝ Հայաստանի համար շատ լավ կլիներ, որ մենք ունենայինք միջազգային մանդատ ունեցող խաղաղապահական առաքելություն, բայց այս պահին ես դրան չեմ հավատում»։
«Ամերիկայի ձայն»-ի հարցերին պատասխանելով` կոնգրեսական Ջեքի Սփիըրը նույնպես նշել է, որ չնայած ցանկություններին, ռուս խաղաղապահներից բացի, այլ պետությունների խաղաղապահական առաքելություն հնարավոր չէ․ «Իհարկե, լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու ՌԴ-ի կարողությունը՝ ԼՂ-ում կարգուկանոն պահպանելու համար, սահմանափակ է Ուկրաինայի պատճառով, բայց ես հուսով եմ, որ այն կդիմակայի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Իդեալական կլիներ, եթե ԱՄՆ-ն այնպիսի քայլ կատարեր, որ կարողանար լինել տարածաշրջանում՝ խաղաղության պահպանողի դերում։ Բայց դա այդպես չէ այս պահին և դրա մասին խոսելն անիմաստ է այժմ: Մենք պետք է առաջնորդվենք այն փաստով, որ Ռուսաստանը ստանձնել է այս դերակատարությունը և ապահովում է այնտեղ անվտանգություն, ինչ գին էլ, որ դա արժե»։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմը տեղակայված է 5 տարի ժամկետով, որը հանարվոր է երկարաձգել, եթե կողմերից որևէ մեկը հակառակը չպահանջի 5 տարի անց։ Նշենք, որ Բաքուն հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Այդուհանդերձ, խաղաղապահները այս պահին տարածքում են և ինչպես է, որ թույլ են տալիս պարբերական ռազմական էսկալացիա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այս հարցում քաղաքագետը տեսնում է տեխնիկական և քաղաքական պատճառներ:
«Արցախում չկան այնքան խաղաղապահներ, ամբողջ շփման գծում, որպեսզի յուրաքանչյուր երկու-երեք մետրի վրա մեկ զինվոր կանգնի, չկան խրամատներ, պաշտպանական առաջին, երկրորդ գծեր: Շփման գիծը պարզապես սարեր կամ բաց տարածքներ են: Տեխնիկական հարց է նաև փաստացի խաղաղապահների մանդատի բացակայությունը։ Երեկ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը, թեև նշեց նաև, որ միայն Ռուսաստանի և Հայաստանի ստորագորությունները բավարար են, բայց դա իրավական առումով խիստ վիճելի տեսակետ է։
Հիմա զուտ քաղաքական տեսակետից․ Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ Ադրբեջանի հետ մտնել ուղղակի ռազմական առճակատման մեջ, և ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանի դերը Ռուսաստանի համար կարևոր է, (այն ուղիղ ճանապարհ է դեպի Իրան, կարող է լինել ճանապարհ նաև դեպի Թուրքիա), այլ նաև այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդվել հարավային Կովկասում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ցանկանում է լինել դոմինանտ ուժ, իսկ մյուս պետությունները՝ Թուրքիա, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրոպական Միություն և այլն, ունենան զրոյական ներկայություն։ Այս պայմաններում, դժվար թե Ադրբեջանի հետ ռազմական հակամարտություն ունենալը նպաստի այդ նպատակին։ Առանց այդ էլ, Ադրբեջանում էլ հակառուսական տրամադրություններ կան և, հայտնի է արդեն, որ որոշ փորձագիտական շրջանակներ ռուս խաղաղապահներին բացահայտ կերպով անվանումեն օկուպացիոն ուժեր և Արևմուտքին խնդրում են՝ իրենց ազատել ռուսական օկուպացիայից։ Ռուսաստանին ձեռնտու չէ Ադրբեջան՝ հակառուսական տրամադրություններով, և ադրբաջանական սանձարձակություններին դիմակայելու առումով դա խնդիր է։ Այդքանով հանդերձ, եթե հաշի առնենք, որ Ղարաբաղը հիմա շատ ավելի վատ է պաշտպանված, քան 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ և ռազմական ուժերն են սակավ, քանի որ Հայաստանից այլևս զինվորներ չեն տարվում Ղարաբաղ, շփման գիծն ավելի անպաշտպան է և այլն, այս պայմաններում ռուս խաղաղապահների ներկայությունը որոշակիորեն զսպում է Արբեջանին»։
Ադրբեջանը հստակ ասում է՝ ես հաղթել եմ, և պետք է ստանամ ամեն ինչ, ու եթե չհամաձայնեք ինձ հետ, կստանաք նոր պատերազմ։ Այս հռետորաբանությունը հուշում է, որ, եթե տարածաշրջանում չլինեին այլ խաղացողներ, ապա նոր պատերազմն արդեն ծավալված կլիներ, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ, կարծում է քաղաքագետը․
«Քանի որ տարածաշրջանում կան նաև այլ խաղացողներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, առանձին եվրոպական պետություններ, ապա այս կամ այն չափով Ադրբեջանը որոշակիորեն զսպված է՝ Արցախում լայնածավալ գործողությունների մասով, և զսպված է նաև ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Բայց, եթե նայում ենք գոնե միջնաժամկետ հեռանկարով, ապա ստացվում է, որ կամ Հայաստանը ընդունելու է Ադրբեջանի ուլտիմատիվ պահանջները և ստորագրելու է մի փաստաթուղթ, որը հանգեցնելու է է Արցախի հայաթափմանը, կամ Հայաստանը հրաժարվելու է դա ստորագրել, իսկ Ադրբեջանն անընդհատ դիմելու է ռազմական էսկալացիայի՝ ստիպելով Հայաստանին գնալ իր պահանջների ընդունմանը։Առայժմ իրավիճակն այսպիսին եմ տեսնում, գոնե մինչև տարեվերջ»։
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ.
«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը:
Ի դեպ, Բենիամին Պողոսյանի կարծիքով, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման համար այս պահին հիմքեր չկան․
«Չեմ տեսնում հիքմեր, որ Ռուսաստանը ազդանշաններ ուղարկի Ադրբեջանին և թույլ տա պատերազմի սանձազերծում, ինչպես դա եղավ 2020-ին»,- ասում է քաղաքագետը և ստացվում է, որ դրա վերսկսումը նույնպես մեծապես կախված է Ռուսաստանի ցանկությունից։
Ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է գնահատել, բայց մի բան հստակ է․Այս պահի դրությամբ խաղաղապահների գործունեության վերաբերյալ ճշտման ենթակա հարցեր կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։