ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ-ին ու Ադրբեջանին տրամադրվող օգնության ու 907-րդ բանաձևի մասին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռը, ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի լարվածության աճի վերաբերյալ թվիթերյան իր գրառման մեջ, կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Անօդաչու թռչող սարքերի կիրառումն Ալիևի կողմից կդադարի «միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ցուցաբերի առաջնորդություն և ուժ», գրել է կոնգրեսականը:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Սփիեռն անդրադարձել է 907-րդ բանաձևի չեղարկման ու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման մասին օրենսդրական իր նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը վերջերս ընդունել է կոնգրեսական Սփիեռի ներկայացրած 2023թ.-ի Ազգային պաշտպանության հատկացումների ակտում օրենքի փոփոխության նախագիծը, որը պարտավորեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համակարգմամբ, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Այն պետք է նաև պարունակի տեղեկություն, թե արդյոք Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսությունը:
«Մենք ցանկանում ենք տեսնել հաշվետվողականություն, ուստի այդ պատճառով ներկայացրեցի փոփոխության նախագիծ: Այն ընդունվեց, և, հետևաբար, մեզ բոլորիս հասու կդառնա ավելի թափանցիկ տեղեկատվություն, թե ինչու է վարչակազմը հրաժարվում 907-րդ բանաձևից կամ չեղարկում այն մի իրավիճակում, երբ փաստացի նրանք չպետք է ընդհանրապես տրամադրեն որևէ օգնություն»,- ասում է Սփիեռը:
Your browser doesn’t support HTML5
Նա հիշեցնում է, որ բանաձևի կիրառման չեղարկումը գործում է 2000-ականների սկզբից և ամեն տարի վարչակազմը, անկախ կուսակցական պատկանելիությունից, դիմում է այդ քայլին: Մինչև 2018 թվականը Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվում էր նույնաչափ ռազմական օգնություն՝ հավասարակշռությունը պահպանելու համար, նշում է Սփիեռը։ Իրավիճակը փոխվեց 2018թ-ին, երբ վարչակազմը որոշեց 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ադրբեջանին, որով խախտվեց հավասարակշռությունը:
«Ես և կոնգրեսական Փալոնը, որպես հայկական հանձնախմբի համանախագահներ, այս հարցիի կապակցությամբ ուղակի «ռմբակոծում» էինք ԱՄՆ պետքարտուղարությանը, քանի որ գտնում ենք, որ անարդար է, երբ Ադրբեջանի համար չեղարկվում է բանաձևը, իսկ Հայաստանին չի տրամադրվում հավասար չափի ֆինանսավորում»,- ասում է նա:
Կոնգրեսականը նշում է, որ հստակ չգիտի, թե ինչու է արդեն երկրորդ տասնամյակ չեղարկվում 907-րդ բանաձևը, սակայն ենթադրում է, որ վարչակազմերը որոշակի գաղտնի տեղեկատվության են տիրապետում այս առիթով, որի արդյուքում Ադրբեջանի հետ հարաբերությունները դառնում են ավելի կարևոր: Բացի այդ, նա չի բացառում, որ տարբեր շրջաններում վարչակազմերի դիրքորոշման վրա ազդում է Ռուսասատնի հետ Հայաստանի սերտ կապը: Այս առիթով փաստերի չեմ տիրապետում, այլ ընդամենը ենթադրություններ անում, ասում է կոնգրեսականը:
«Սակայն ԱՄՆ-ի պետական վերահսկողական գերատեսչությունը վերջերս հրապարակած իր զեկույցում ևս հստակ ընդգծել է, որ վարչակազմը ի դեմս պետքարտուղարության և պաշտպանության նախարարության պետք է ավելի լավ աշխատանք կատարի՝ հիմնավորելու համար, թե ինչու են նրանք կիրառում չեղարկումը, երբ խոսքը գնում է 907-րդ բանաձևի մասն»,- ասում է նա:
Խոսելով Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության մասին՝ Հայկական հանձնախմբի համանախագահը կարևորում է ամերիկյան օժանդակության ավելացումը:
«Ես խորապես համոզված եմ, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի արտաքին օգնության չափի ավելացումը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է Հայաստանին»,- ասում է Սփիեռը:
Նա կոչ է անում Հայաստանի կառավարությանը շարունակել պայքարել կոռուպցիայի ու ամեն տեսակի արտաքին ազդեցության դեմ, որոնք, ըստ կոնգրեսականի, խաթարում են ժողովրդավարական սկզբուքները: