Հրեաներն արտագաղթում են Ռուսաստանից

Ավելի քան 50,000 ռուս և ուկրաինացի հրեաներ տեղափոխվել են Իսրայել՝ փետրվարի վերջին Ուկրաինայում պատերազմի բռնկման պահից ի վեր: Շատերը ցանկանում են լքել Ռուսաստանը՝ աճող հակասեմիտիզմի, տնտեսական ճգնաժամի և Խորհրդային Միության ռեպրեսիվ քաղաքականության հետ կապված անհանգստության պատճառով, ասում է ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը` Մոսկվայի նախկին գլխավոր ռաբբին, որը նույնպես ստիպված է եղել հեռանալ:

«Թիվ մեկ պատճառը երկաթե վարագույրը նորից փակելու մտավախությունն է։ Այսինքն, մոտ ապագայում արդեն անհնար կլինի հեռանալ Ռուսաստանից։ Այս մտավախությունն առկա է Ռուսաստանի հրեական համայնքի շատ անդամների մոտ», ասում է նա:

Արտագաղթի ալիքը ղեկավարում է Հրեական գործակալությունը՝ կիսա-կառավարական մարմին, որն օգնում է հրեաներին ամբողջ աշխարհից տեղափոխվել Իսրայել: Բայց Ռուսաստանը վերջերս սպառնացել է փակել Հրեական գործակալությունը Մոսկվայում և կազմակերպության դեմ հարուցել դատական գործեր: Իշխանությունները պնդում են, որ այս հաստատությունը խախտում է Ռուսաստանի օրենսդրությունը՝ տեղեկություններ հավաքելով Ռուսաստանի քաղաքացիների մասին:

Գրասենյակը փակելու ռուսական ճնշումն ավելի շատ քաղաքական հենք ունի, ասում է Հրեական գործակալության նախկին տնօրեն Նաթան Շարանսկին:

‘’Ռուսաստանը, որը գրեթե լիովին մեկուսացված է ազատ աշխարհից, փնտրում է այդ մեկուսացումից դուրս գալու ելքեր։ Այն մտածում է այդ նպատակի համար այլ երկրների դեմ ճնշումներ բանեցնելու մասին: Նրանք փորձում են վախեցնել Գերմանիային, որ ձմռանը մարդիկ կսկսեն մահանալ ցրտից։ Նույնկերպ նրանք ճնշումներ են բանեցնում հրեական գործակալության վրա’’, ասում է նա:

Իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը գոհ չէ ուկրաինական պատերազմի հարցում Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդի քաղաքականությունից: Նրա նախորդը՝ Նաֆթալի Բենեթը, ավելի զգույշ էր, եւ չէր քննադատում Ռուսաստանին պատերազմի սկզբում:

Ինչպես Ջոնաթան Դեկել-Չենն է Երուսաղեմի Եբրայական համալսարանի պատմության ամբիոնից ասում Zoom-ով տրված հարցազրույցում, «Յաիր Լապիդը ավելի հստակ կերպով է Ռուսաստանին բնութագրում որպես ագրեսոր: Սա հռետորաբանություն է դրական իմաստով, որն այսօր շատ կարեւոր է Ռուսաստանի հետ գործ ունենալիս’’, ասում է նա ու շարունակում, որ

Ռուսաստանը բավականաչափ շատ է զբաղված Ուկրաինայի պատերազմով և չի ցանկանում լայնամասշտաբ դիվանագիտական առճակատում Իսրայելի հետ։ Եվ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կգտնի լարվածությունը հարթելու ճանապարհ և կշարունակի թույլ տալ ռուս հրեաներին արտագաղթել այս երկրից:

Լինդա Գրադշտեյն, «Ամերիկայի Ձայն»