Սերգեյ Լավրովի այցը Աֆրիկա՝ ռուս փորձագետների աչքերով

Ռուսաստանը գաղտնի կերպով արդյունահանում և գործնականում մաքսանենգ ճանապարհով զգալի ծավալներով ոսկի է դուրս բերում Սուդանից, այս երկրում իշխող ռազմական խունտայի հովանու ներքո: Այս մասին են վկայում CNN-ի կողմից վերջերս հրապարակված հետաքննության արդյունքները։

Դատելով հետաքննության արդյունքներից՝ վերջերս Խարտումից Ռուսաստան է թռչել ոսկով բարձված բեռնատար առնվազն 16 ինքնաթիռ։ Դրա դիմաց Սուդանի իշխող վերնախավը ստանում է հզոր քաղաքական և ռազմական աջակցություն Մոսկվայից, այդ թվում՝ Վագների վարձկանների աջակցությունը։

Սա Աֆրիկայում Ռուսաստանի ներկայության ակտիվացման մասին վկայող օրինակներից միայն մեկն է։

Հիշենք նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Եգիպտոս, Կոնգո, Ուգանդա և Եթովպիա։ Դիտորդները նշում են, որ Ուկրաինայում պատերազմի ամենաթեժ պահին կատարված շրջագայությունը ցույց է տալիս այս մայրցամաքի նկատմամբ Կրեմլի մեծ հետաքրքրությունը:

Աֆրիկյան պետությունները մտահոգված են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով սովի հնարավորությամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատում է, որ այս տարի ավելի քան 50 միլիոն աֆրիկացի կարող է բախվել պարենային անապահովության հետ:

Մոսկվան նախընտրում է «կերակրել» Աֆրիկան իր զենքով՝ դառնալով մայրցամաքի ամենամեծ արտահանողը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2017-ից 2021 թվականների ընթացքում այս տարածաշրջան ուղարկված զենքի 44%-ը եկել է Ռուսաստանից։

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որը վերջերս այցելել է Արևելյան Աֆրիկայի երկրներ, խոստացել է, որ ԱՄՆ-ը նրանց կտրամադրի 1 միլիարդ 200 միլիոն դոլար՝ սովը կանխելու համար։

Ինչ վերաբերում է Աֆրիկայում Կրեմլի ակտիվացմանը, ապա, ըստ Ասիայի և աֆրիկյան երկրների Մոսկվայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովի, դա բացատրվում է մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ երկրի միջազգային մեկուսացումը հաղթահարելու փորձով։

«Ռուսաստանը բոլորովին նոր լոգիստիկ հնարավորություններ է փնտրում»,- բացատրում է Մասլովը։ - ‘’Այս առումով եգիպտական և աֆրիկյան այլ նավահանգիստներ չափազանց կարևոր են հացահատիկի, իսկ ապագայում, հնարավոր է, նավթի փոխադրման համար։ Կարծում եմ նաև, որ Մոսկվան կխրախուսի մի շարք աֆրիկյան երկրների՝ համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության կամ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկայն Հանրապետության միջպետական միավորման հետ:

Սա արդեն կարևոր է օրինակ՝ նոր արժութային միջանցքների ձևավորման, SWIFT-ի նկատմամբ փողի արագ փոխանցման այլընտրանքային համակարգի և դոլարային հաշվարկներից դուրս գալու տեսանկյունից’’:

Լավրովի այցելած երկրները պատահական չեն ընտրվել, նշում է Ալեքսեյ Մասլովը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ երկրներն ունեն խնդիրներ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ինչպես նաեւ որոշակի լարվածություն Չինաստանի հետ:

«Ռուսաստանին հաջողվել է նրանց որոշակի ներդրումներ առաջարկել։ Օրինակ՝ Եգիպտոսում դա վերաբերում է ատոմակայանին, որն արդեն կառուցման փուլում է»,- բացատրում է Մասլովը։ Սուդանը և մի շարք այլ երկրներ հարուստ են կոբալտով, պղնձով, մոլիբդենով, և դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են տպագիր տպատախտակների և շատ բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության համար»։

Իհարկե, Մոսկվան հաշվի է առնում նաև այն փաստը, որ աֆրիկյան երկրների գրեթե կեսը (54-ից 25-ը), Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ներխուժման հարցով ՄԱԿ-ում քվեարկելիս, պահպանում են չեզոք դիրքորոշում, ասում է Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրենը։

«Չի բացառվում, որ Ռուսաստանը վաղ թե ուշ մոտենա մայրցամաքում ռազմաբազաներ ստեղծելու հարցին, օրինակ՝ ծովային տեխնիկայի վերանորոգման կենտրոնների տեսքով։ Խնդիրն ինքնին «բացվել է», և Չինաստանն արդեն իսկ ունի իր ռազմաբազան Աֆրիկայի Ջիբութիում: Եվ, ընդհանրապես, մոտ ապագայում պետք է սպասել աֆրիկյան մայրցամաքում աշխարհի առաջատար դերակատարների միջեւ մրցակցության աճի»,- ամփոփում է Ալեքսեյ Մասլովը։

Ինչպես ընդգծում է քաղաքագետ Ալեքսեյ Նիկուլինը, Սերգեյ Լավրովի աֆրիկյան շրջագայությունը ուղղակիորեն կապված է միջազգային ասպարեզում Ռուսաստանի աճող մեկուսացման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության դեմ քվեարկության արդյունքների հետ։

Նիկուլինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ներքին լսարանն այսօր շտապ պետք է ցույց տա, որ Ռուսաստանը միայնակ չէ՝ շրջապատված մի քանի կասկածելի դաշնակիցներով։

«Եվ ահա այցելություն, որը ցույց է տալիս, որ նրանք իբր գրկաբաց սպասում են մեզ և աջակցում են մեզ գոնե սև մայրցամաքում», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բացատրում է վերլուծաբանը: «Աֆրիկացիներն այստեղ իրենց շահերն ունեն։ Նրանք լավ գիտեն, որ այժմ Ռուսաստանը պատրաստ է խոսքերով աջակցություն հայտնել, և որ ՄԱԿ-ում քվեարկելիս մի քանի լավ սեղմված կոճակների համար կարող է բավականին նյութական ռեսուրսներ տալ։ Կոպիտ ասած՝ Մոսկվան, հին դասական ավանդույթի համաձայն, փնտրում է վարձու վճարովի հաճախորդներ, ովքեր հրապարակայնորեն կաջակցեն իրեն՝ չափավոր վճարի դիմաց։

Քանի դեռ Ռուսաստանը փողի, հացահատիկի և էներգիայի տեսքով ռեսուրսներ ունի, որոնցով կարող է ուղղակիորեն վճարել աֆրիկյան երկրներին, նրանք հետաքրքրություն կհայտնեն Մոսկվայի հետ համագործակցելու հարցում, ասում է Նիկուլինը։

«Սակայն որոշ վարչակարգեր կփորձեն իրենց հավատարմությունը վաճառել Արևմուտքին: Իսկ իդեալականը երկու կողմերին հնարավոր ամենաբարձր գնով վաճառելն է», - շարունակում է վերլուծաբանը։ -Իհարկե, նման համագործակցությունը Ռուսաստանին ոչ մի նյութական օգուտ չի խոստանում։ Գաղութատիրությունից ազատագրվելուց հետո երկար ժամանակ աֆրիկյան պետությունները հիանալի սովորել են, թե ինչպես ստանալ օդի համար շատ կոնկրետ և նշանակալի ակտիվներ:

Այն երկրները, ուր այցելել է ՌԴ ԱԳ նախարարը, պատրաստ են ընդունել ռուսական զենքը, բայց միայն անվճար կամ երբևէ վճարելու խոստումների դիմաց՝ քաջ գիտակցելով, որ դա երբեք չեն անի, կարծում է քաղաքագետը։

Մյուս կողմից, կասկածելի է, որ այժմ Ռուսաստանը կարող է սեւամորթ մայրցամաք ժամանակակից զինատեսակների մատակարարումը կազմակերպել մեծ ծավալով։ Ռուսաստանն այսօր ակնհայտորեն տարբեր խնդիրներ ունի սեփական զենքի կիրառման հարցում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Այսպիսով, ֆրիկացիների աջակցությունը ստանալու այս փորձերը պարզապես եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային մեկուսացումից խույս տալու Մոսկվայի անհագ ծարավը»,- նշում է Անդրեյ Նիկուլինը։

Վիկտոր Վլադիմիրով

''Ամերիկայի Ձայն'-ի Ռուսական ծառայություն