Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը չորեքշաբթի ուշ երեկոյան նախազգուշացրել է, որ իր երկիրը «լիովին պատրաստ է» Միացյալ Նահանգների հետ ցանկացած ռազմական հակամարտության: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են այս երկրի պետական լրատվամիջոցները:
Նման նախազգուշացումով Փհենյանը հանդես է գալիս, երբ կան ենթադրություններ, որ այստեղ պատրաստվում են իրականացնել միջուկային յոթերորդ փորձարկումը:
Կորեական պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված ելույթում Կիմը նաև նախազգուշացրել է, որ կկործանվի Հարավային Կորեայի կառավարությունը, եթե այն ձեռնարկի որևէ «վտանգավոր փորձ», հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Իր ելույթում Կիմը մի քանի անգամ է պարծեցել իր երկրի միջուկային զենքով և նշել, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել դրանք:
Նա ասել է, որ Հյուսիսային Կորեան «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական առճակատման։
Նշենք, որ Հյուսիսային Կորեան այս տարվա ընթացքում աննախադեպ թվով հրթիռներ է փորձարկել։ Ըստ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտոնյաների, Փհենյանն, ըստ երևույթին, ավարտել է հերթական միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները:
Ի պատասխան՝ Հարավային Կորեան ընդլայնել է իր երկրի տասնամյակների պատմություն ունեցող ռազմական դաշինքը Միացյալ Նահանգների հետ՝ նախատեսելով նաեւ եկող ամսվա ընթացքոքւմ դաշտային լայնածավալ համատեղ զորավարժություններ:
''Ամերիկայի Ձայն''