Դատարանը կքննի «Նովայա գազետա»-ին մեդիա լիցենզիայից զրկելու հարցը

«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատով

Մոսկվայի դատարանը կքննարկի «Նովայա գազետա» թերթի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» երկու անգամ նախազգուշացում էր արել թերթին։ Օրենքով դա բավարար է նրա լիցենզիան անվավեր ճանաչելու համար։

Ռոսկոմնադզորի բողոքը Բասմանի դատարանին առաջինը հայտնել է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը։ Հայցադիմումը գրանցվել է հուլիսի 26-ին: Գործի նյութերից բխում է, որ դատավորը երեք օր ժամանակ ունի որոշելու՝ հայցը վարույթ ընդունելու հարցը։

«Նովայա գազետա»-ն լույս է տեսնում 1993 թվականից։ Մարտի վերջին այն դադարեցրեց հրապարակումը։ Խմբագիրները նշում են, որ ռուսական օրենքները թույլ չեն տալիս լրագրողներին լուսաբանել Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքը։

Աշխատակիցներից ոմանք սկսել են աշխատել Լատվիայում գրանցված «Նովայա գազետա. Եվրոպա»-ում և «Նոր ռասկազ-գազետա»-ում: Երկու կայքերն էլ Ռուսաստանում արգելափակվել են Ռոսկոմնադզորի կողմից դատախազության պահանջով` գործարկումից համապատասխանաբար 10 և 7 օր հետո:

Հիշեցնենք, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին ստացելէր Խաղաղության Նոբելյան մրցանակ «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար»։ 2022 թվականի մարտի 22-ին Մուրատովը հայտարարել է, որ վաճառում է Նոբելյան իրմրցանակը և ողջ հասույթը տրամադրում ռուսական բանակի ներխուժումից տուժած ուկրաինացի փախստականների օգնությանը։

Դրանից հետո ապրիլի 7-ին Մոսկվա-Սամարա գնացքում անհայտ անձը հարձակում է գործել Մուրատովի վրա՝ կարմիր ներկ լցնելով «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագրի վրա։

Հիշեցնենք նաև, որ 1993 թվականին հիմնված Նովայա գազետան 2000-ականների սկզբից իր էջերում քննադատության է ենթարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատը: Մասնավորապես, այստեղ է տպվել իրավապաշտպան ու լրագրող Աննա Պոլիտկովսկայան, ով սպանվել է 2006 թվականին իր տան մուտքի վերելակում։ Պոլիտկովսկայան հանդիսանում էր Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի և ՌԴ իշխանության, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատը։

Հիշեցնենք նաև, որ Ուկրաինա ներխուժումից հետո ՌԴ իշխանությունները աննախադեպ բռնաճնշումների են դիմել այլընտրանքային կարծիքի և ազատ խոսքի ճնշման համար: Արդյունքում, մի շարք ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցներ դադարեցրեցին իրենց գործունեւոթյունը ՌԴ-ում ու ստիպված եղան վերսկսել հեռարձագումները արտերկրից: Դրա վառ օրինակներից է ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքը: Մարտի 1-ին՝ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման մեկնարկից մեկ շաբաթ անց, ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է արգելափակել «Դոժդ» հեռուստաընկերության կայքը՝ ըստ դատախազության՝ «ռուսական բանակի գործողությունների մասին կեղծիքներ և ծայրահեղական կոչեր տարածելու համար»։ Մարտի 3-ին հեռուստաալիքը դադարեցրեց իր աշխատանքը։

Հունիսի 6-ին «Դոժդ» հեռուստաալիքը հեռարձակման թույլտվություն է ստացել Լատվիայում։ Ըստ խմբագրության՝ առաջին փուլում հեռուստաալիքի ստուդիաները կտեղակայվեն Ռիգայում, Ամստերդամում, Թբիլիսիում և Փարիզում։ Լատվիայում «Դոժդը» համագործակցում է TV3 հեռուստաընկերության, իսկ Վրաստանում՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ։

«Դոժդ» հեռուստաալիքը Ռուսաստանում ճանաչվել է որպես «օտարերկրյա գործակալ»: Հուլիսին այն վերսկսել է իր աշխատանքը։ Խմբագրությունը խոստանում է աստիճանաբար վերադարձ եթեր. նախ՝լրատվական թողարկումների և մի քանի հեղինակային հաղորդումների տեսքով «Դոժդ»-ի YouTube-յան ալիքում, իսկ աշնանը ալիքը կսկսի լիարժեք հեռարձակումը Ռիգայից, Ամստերդամից, Թբիլիսիից և Փարիզից։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա