Մոսկվան հայտնել է, որ հուլիսի 23-ին Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ոչ թե Օդեսայի հացահատիկի նավահանգստին, այլ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին։ Ռուսաստանի այս գործողությունները վտանգեցին Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ հուլիսի 22-ի համաձայնագրի իրականացումը։
Հուլիսի 23-ին Ուկրաինան հայտարարեց, որ Օդեսայի նավահանգստի վրա հարձակումն իրականացվելէ ՌԴ ԶՈւ «Կալիբր» հրթիռներով։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, սակայն, ասել է, որ Ռուսաստանը վստահեցրել է իրեն, որ Մոսկվան որևէ կապ չունի հարձակման հետ։
Այնուամենայնիվ, հուլիսի 25-ին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հարվածները կապված էին բացառապես ռազմական ենթակառուցվածքի հետ և որևէ կապված չունենայն ենթակառուցվածքի հետ, որն օգտագործվում է պայմանավորվածությունների կատարման և հացահատիկի արտահանման համար։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Օդեսայի նավահանգստի վրա ռուս զինվորականների հրթիռային հարձակումը: Դրա մասին հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով ընդգծել է.
«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանումը վերսկսելու թույլտվություն տալուց ընդամենը 24 ժամ անց Ռուսաստանը խախտեց իր պարտավորությունները՝ հարձակվելով պատմական նավահանգստի վրա, որտեղից, համաձայն այս պայմանագրի, հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ պետք է արտահանվեին»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այս հարձակումը «կասկածի տակ է դնում Ռուսաստանի հավատարմությունը հացահատիկի արտահանման համաձայնությանը և խաթարում ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի աշխատանքը՝ կարևոր մթերքը համաշխարհային շուկաներ հասցնելու համար:
Your browser doesn’t support HTML5
Ըստ Բլինքենի, Մոսկվան «պատասխանատու է համաշխարհային պարենային ճգնաժամի խորացմանհամար և պետք է դադարեցնի իր ագրեսիան և ամբողջությամբ կատարի համաձայնագրի պայմանները, որին ինքը համաձայնվել է»։
Երկուշաբթի օրը ցորենի համաշխարհային գները զգալիորեն բարձրացան, քանի որ առկա է մտավախություն, որ համաձայնագրի պայմանները չեն կարող կատարվել, և Ուկրաինան չի կարողանա վերսկսել հացահատիկի արտահանումը, որն ընդհատվել էր ռուսական ներխուժման արդյունքում:
Ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է հուլիսի 22-ին Մոսկվայի և Կիևի կողմից Թուրքիայի հետ ՄԱԿ-ի միջնորդությամբ, ողջունվել է որպես բեկում Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Ենթադրվում է, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի պարենի համաշխարհային գների աճը զսպելու համար:
ՄԱԿ-ի պաշտոնյաները ուրբաթ ասացին, որ հույս ունեն, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից, սակայն պարզ չէ, թե արդյոք դա իրականություն կդառնա՝ հաշվի առնելով շաբաթ օրը Օդեսայի նավահանգստի վրա հարձակումը: Հրթիռային հարվածն ակնհայտորեն խախտել է համաձայնագրի պայմանները, որը թույլ կտար նավերին ապահով մուտք գործել և դուրս գալ Օդեսայի նավահանգիստ և երկու այլ ուկրաինական նավահանգիստներ:
«Այն համատեքստում, ինչ այժմ կատարվում է ուկրաինական հացահատիկի հետ, հարվածը հասցվել է հենց այնտեղ, որտեղ գտնվում է այդ հացահատիկը», - ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը: Նա հավելել է, որ թեւավոր հրթիռները արձակվել են Ղրիմի մերձակայքում գտնվող ռազմանավերից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հուլիսի 23-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Օդեսայի վրա հրթիռային հարձակման մասին: Նախարարությունը չի պատասխանել Reuters-ի խնդրանքին՝ մեկնաբանության համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «միանշանակ դատապարտել է» հարվածները: Դրա մասին է ասել նրա խոսնակը՝ հավելելով, որ Գուտերեշը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ հացահատիկի արտահանման համաձայնագրին։
«Այս մթերքը կարևոր նշանակություն ունի պարենային գլոբալ ճգնաժամը լուծելու և ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար», - ասվում է նրա խոսնակ Ֆարհան Հաքիի հայտարարության մեջ: «Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից համաձայնագրի պայմանների ամբողջական կատարումը պարտադիր է»։
Նախօրեին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ բոլոր չորս կողմերի ներկայացուցիչներից կազմված միասնական կենտրոնը պետք է վերահսկի համաձայնագրի հետ կապված բոլոր հանգամանքները։ Հրթիռային հարձակման նախօրեին բոլոր կողմերը պայմանավորվել են, որ չեն հարձակվելու հացահատիկ տեղափոխող նավերի վրա, իսկ կենտրոնի խնդիրն է լինելու լուծել վեճերը, եթե նկատվեն խախտումներ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա