«Ռուսաստանի համար` ֆինանսական հսկայական կորուստներ»

Եվրահանձնաժողովը մտադիր է հուլիսի 20-ին հրապարակել մի համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում է օգոստոս ամսից սկսած գազի սպառման կամավոր կրճատում 15%-ով, հայտնում է Bloomberg-ը։ Դրա պատճառը Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի մատակարարման ամբողջական դադարեցման մտավախությունն է։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ծրագրով առաջարկվում է սահմանափակել հասարակական շենքերի ջեռուցումը մինչեւ 19 աստիճանը, օդորակումը` մինչեւ 25 աստիճան։

Նախօրեին ռուսական «Գազպրոմը» նամակներ է ուղարկել եվրոպացի հաճախորդներին՝ նախազգուշացնելով, որ չի կարող երաշխավորել «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարումը «իր վերահսկողությունից դուրս գտնվող արտառոց հանգամանքների» պատճառով: Այս մասին հայտնում է ‘’Reuters’’ գործակալությունը:

Ավելի վաղ «Գազպրոմը» դադարեցրել էր մատակարարումները ‘’Հյուսիսային հոսք 1’’-ով տեխնիկական սպասարկման աշխատանքների պատճառով, սակայն խոստացել էր փականը կրկին բացել հուլիսի 21-ին:

Նավթի և գազի հարցերով վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չի գտել գազի մատակարարումը դադարեցնելու ֆորսմաժորային հանգամանքներ, այսինքն` պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառներ ու արդարացումներ:

«Կոմպրեսորային կայանում կա գազի 8 պոմպակայան, և մեկ տուրբինի բացակայությունը որևէ կերպ չի ազդում պոմպային ծավալների վրա, քանի որ ագրեգատներն աշխատում են հերթով և ոչ միանգամից։ Լիարժեք աշխատանքային վիճակում է նաև Ուկրաինայի տարածքով անցնող գազի հաղորդման ցանցը։ Բայց «Գազպրոմը» չի էլ մտածել այստեղ լրացուցիչ ծավալներ մղելու հայտ ներկայացնելու մասին»։

Այսպիսով, միակ պատճառը, որը կարող է մեկնաբանվել որպես ֆորսմաժոր, Կրեմլի հրահանգն է, ասում է Միխայիլ Կրուտիխինը։ Ըստ նրա՝ սա զուտ քաղաքական ակցիա է, որը հավասարազոր է գազային պատերազմ հայտարարելուն։

«Նախկինում ենթադրություններ կային, որ սա կարող է լինել շանտաժի շարունակություն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործման թույլտվություն ստանալու կամ Ուկրաինային տարանցումից զրկելու համար», - պնդում է նա։ Բայց այսօր նման նկատառումներն արդարացված չեն։ Հետևաբար, կարծում եմ, որ սա մի դիրքորոշում է, որը հանգում է հետևյալ բանաձևին` ‘’Ահա դուք, Եվրոպայում, պատրաստվում եք ձերբազատվել ռուսական գազից և նույնիսկ համապատասխան ծրագիր եք կազմել, ուրեմն մենք էլ ձեզնից առաջ կանցնենք և կտեսնենք, թե ինչպես եք ապրելու առանց մեր գազի’’: Այսպիսով ռուսական կողմը հաշվի չի առնում, որ սա իրականում ‘’Գազպրոմ’’-ի գերեզմանն է, որը մեծ ֆինանսական կորուստներ է խոստանում Ռուսաստանին», ասում է վերլուծաբանը:

Միաժամանակ, եվրոպական գազի շուկայի կորուստը փոխհատուցելու հնարավորություն չկա, պնդում է վերլուծաբանը։ «Անցյալ տարի Ռուսաստանը Եվրոպային մատակարարել է տարեկան 155 միլիարդ խորանարդ մետր գազ, Չինաստանին՝ 10 միլիարդ»,- հիշեցնում է նա։ «Սիբիրի ուժը» խողովակաշարն իր նախագծային հզորությամբ (38 խորանարդ մետր) կկարողանա աշխատել միայն 2025 թվականին։ Դեպի Չինաստան նոր խողովակաշար կառուցելու համար կպահանջվի 12-15 տարի. Բացի այդ, Պեկինը մտադիր չէ ավելացնել Ռուսաստանից գազի գնումները։ Այդ մասին են վկայում Չինաստանի էներգետիկ հաշվեկշռի բոլոր գրաֆիկներն ու աղյուսակները», - եզրափակում է Միխայիլ Կրուտիխինը:

Եվրամիությունը պատրաստ էր «Գազպրոմ»-ի կողմից դեպի Եվրոպա գազի ամբողջական անջատմանը’’, ասում է տնտեսական դիտորդ և հրապարակախոս Մաքսիմ Բլանտը։ Նրա խոսքով, սա, անշուշտ, հարված է եվրոպական էներգետիկ ոլորտին, բայց դա ԵՄ-ի երկրներում գոնե սոցիալական առումով որեւէ կրիտիկական իրավիճակ չի առաջացնի։

«Միակ բանը, որը կարող է տեղի ունենալ, արդյունաբերական ձեռնարկությունների, հատկապես էներգատար ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակումն է, և, հնարավոր է, գազի վերամշակման որոշ գործարանների փակումը», - բացատրում է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում։ Այո, շոգից իրավիճակը որոշակիորեն սրվեց։ Սակայն ստորգետնյա պահեստներն այսօր ավելի լիքն են գազի պաշարներով, քան անցյալ տարի։ Փաստորեն, Եվրոպայում գազապահեստարանները լցված են միջին հաշվով գրեթե երկու երրորդով, Գերմանիայում՝ 62-63%-ով։ Մեծ հաշվով, եվրոպացիները հիմա պարզապես պետք է գտնեն էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ և գազ թողնեն ձմեռային ջեռուցման համար»:

Մաքսիմ Բլանտը կարծում է, որ «Գազպրոմը» չի կարող ամբողջությամբ պահածոյացնել հանքերը, ցրել աշխատողներին և կորցնել արտահանման եկամուտները. Փաստորեն, այժմ Ռուսաստանը կանգնած է մի իրավիճակի առաջ, երբ թե՛ պետական ֆինանսների, թե՛ ամբողջ հարկային համակարգի հին մոդելն անհիմն է դարձել»։

Այնպես որ, գազի մղման հարցում փոխզիջում, ամենայն հավանականությամբ, կգտնվի, կարծում է տնտեսագետը։ «Ռուսաստանը դեռ կսկսի գազի որոշ ծավալներ մղել դեպի Եվրոպա, ինչը, հավանաբար, կօգնի մինչև նոյեմբերի 1-ը՝ ձմեռային ջեռուցման սեզոնի մեկնարկի կրիտիկական պահը, և ստորգետնյա պահեստները լցված կլինեն 80 տոկոսով, եւ անհրաժեշտ մակարդակին կզիջեն միայն տասը տոկոսով:

‘’Սակայն Պուտինն անկանխատեսելի մարդ է, ուստի ավելի լավ է պատրաստվել վատագույն սցենարին, ինչն անում են եվրոպացիները’’, ասում են վերլուծաբանները:

''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն