2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը, որում նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։ Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։
«Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցում կան նաև առաջարկություններ, մասնավորապես՝ Խստորեն հետաքննել, հետապնդել և դատապարտել թրաֆիքինգ իրականացնողներին 132-րդ և 132-2-րդ հոդվածների համաձայն: Մեծացնել նույնականացման ակտիվ ջանքերը, ներառյալ թրաֆիքինգի զոհերի ստուգման ստանդարտ գործառնական ընթացակարգերի ներդրումը և պաշտոնյաների վերապատրաստումը։ Քննիչներին և դատախազներին տրամադրել խորացված ուսուցում թրաֆիքինգի հետաքննության և քրեական հետապնդման վերաբերյալ, ներառյալ ապացույցների հավաքագրումը և զոհերի վրա կենտրոնացած հարցազրույցի մեթոդները: Ստեղծել և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաների աշխատանքի և պոտենցիալ երեխաների թրաֆիքինգի դեմ երեխաների խնամքի պետական հաստատություններում: Բարձրացնել արդարադատության հասանելիությունը դատական վարույթների ընթացքում, ինչպես օրինակ՝ տուժողների վրա կենտրոնացված քաղաքականություն սահմանել՝ նվազեցնելու կրկնակի տրավման, ամրապնդել գաղտնիությունը և ապահովել տուժող վկաների պաշտպանությունը: Ավելացնել զոհերի վերաինտեգրման ծառայությունների ռեսուրսները։ Սահմանել թրաֆիքինգի զոհերի արտասահմանից հայրենադարձման պաշտոնական ընթացակարգեր: Լիցենզավորել, կանոնակարգել և կրթել տեղական աշխատանքի տեղավորման գործակալություններին և գործակալներին, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել արտերկրում գտնվող հայերի հարկադիր աշխատանքը: Վերապատրաստել դատավորներին քրեական գործերով փոխհատուցման հարցերով, ընթացակարգեր սահմանել թրաֆիքինգով զբաղվող անձանցից գույքը բռնագրավելու համար և ստեղծել արդյունավետ մեթոդներ՝ փոխհատուցումը ժամանակին հատկացնելու համար:
Զեկույցում նաև ընդգծված է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։