ԱՄՆ-ն և Եվրամիությունը ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Թբիլիսիում կայացած հանդիպումը

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումը Հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:

Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթների ընթացքում շփումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի համար խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի հասնելու լավագույն տարբերակն է, և մենք շարունակելու ենք հնարավոր բոլոր տարբերակով աջակցել դրան»,- ասել է Փրայսը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այս թեմայով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրամիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասին: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը: