Պետքարտուղար Բլինքենը՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպելով Թբիլիսիում, դրական քայլ են կատարել: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհն է",- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի թվիթերյան գրառման մեջ:

Հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում ասվում է,- " Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը":