Բայդենի տարաձայնությունները Մերձավոր Արեւելքում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայել կատարած այցի առաջին օրը հրապարակային կերպով տարաձայնություն արձանագրվեց նրա ու Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լափիդի միջև այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է հետ պահել Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց:

‘’Դիվանագիտությունը նրանց չի կանգնեցնի։ Եթե նրանք շարունակեն զարգացնել միջուկային ծրագիրը, ազատ աշխարհը պիտի ուժ կիրառի’’: Սրանք Իսրայելի վարչապետի խոսքերն են:

Your browser doesn’t support HTML5

Բայդենի տարաձայնությունները Մերձավոր Արեւելքում

Բայդենի խոսքերով, միջուկային զենքից զերծ Իրանը «անվտանգության կենսական շահ» է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: ‘’Սակայն ես շարունակում եմ հավատալ, որ դիվանագիտությունն այս արդյունքին հասնելու լավագույն միջոցն է’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ Իսրայելը միշտ էլ դեմ է եղել 2015 թվականին կնքված Իրանի միջուկային հարցերով համաձայնագրին, որը նախատեսում էր միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց Իրանին ազատել պատժամիջոցներից: ԱՄՆ-ը այժմ փորձում է Թեհրանին հետ բերել դեպի համաձայնագիր: Թեհրանն էլ պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է և նախատեսված է միայն էներգիայի արտադրության համար:

Այն բանից հետո, երբ Բայդենը և Լափիդը ստորագրեցին համատեղ անվտանգության մասին Երուսաղեմի հռչակագիրը, պարտավորվելով «երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել», Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդես եկավ հայտարարությամբ:

«Ես ասում եմ ամերիկացիներին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին, որ Իրանի ժողովուրդը չի համակերպվի տարածաշրջանում որևէ ճգնաժամի կամ անապահովության հետ, և որ այս տարածաշրջանում թույլ տրված ցանկացած սխալ կարժանանա կոշտ և ցավոտ պատասխանի»:

Իրանին հակազդելու համար Վաշինգտոնն Իսրայելին և արաբ հարևաններին մղում է ավելի սերտ համագործակցության, այդ թվում խրախուսում է սկսել տարածաշրջանի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ինտեգրման շարունակական գործընթաց:

Հորդանան գետի արեւմտյան ափում Պաղեստինի նախագահի հետ Բայդենի հանդիպումը տեւեց սպասվածից ավելի երկար: Նա վերահաստատեց Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու գաղափարի նկատմամբ իր երկարամյա նվիրվածությունը, սակայն ասաց, որ «այս պահը հարմար չէ» խաղաղության բանակցությունները վերսկսելու համար։ Խոսքը ‘’երկու պետություն’’ սկզբունքով հակամարտությունը լուծելու մասին է, երբ Իսրայելի հարեւանությամբ պիտի հիմնադրվի Պաղեստին պետությունը:

Ի պատասխան՝ Պաղեստինի 86-ամյա առաջնորդ Մահմուդ Աբասը նախազգուշացման կարգով հայտարարեց, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ‘’երկու պետություն’’ սկզբունքով լուծելու հնարավորությունը ‘’կարող է երկար չգոյատեւել, եթե հակամարտությունը չլուծվի հիմա’’։