Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը մերձավորարեւելյան երկրներ կատարած այցը սկսեց դեպի Իսրայել ուղեւորությամբ, երբ նրա օդանավը վայրէջք կատարեց Թել Ավիվում: Այցի նպատակը Իսրայելում եւ այս տարածաշրջանում անվտանգությանը զարկ տալն է: Եվ կան հույսեր, որ այս այցը կարող է հանգեցնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի Թագավորության մերձեցմանը:
Սակայն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցությամբ հանդիպմանը մասնակցելու Բայդենի ծրագիրը կոշտ քննադատության է արժանացել: Ոմանք դա անվանում են ապտակ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Amnesty International-ից Ագնես Քալամարի խոսքերով, Բայդենի այս քայլը ցույց է տալիս, թե որքան են արժեզրկվել մարդու իրավունքները, եւ թե ինչ հեշտությամբ կարելի է այն սակարկել այլ հարցերի հետ:
Սաուդյան Արաբիա կատարելիք այցը շատերը համարում է Բայդենի կողմից նախկինում տրված խոստումներն անտեսելու քայլ: Հիշեցնենք, որ նա էր ասում, թե մարդու իրավունքներն են լինելու իր արտաքին քաղաքականության հիմքում եւ նա էր խոստանում, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանք իշխանը պիտի մեկուսացվեր միջազգային ասպարեզում:
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ՄԱԿ-ը ունեն ապացույցներ այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ապագա թագավորն է կանգնած լրագրող Խաշոգջիի սպանության հետևում։
Մյուս խնդիրը կապված է Հորդանան գետի արեւմտյան ափում Իսրայելի կողմից իրականացված շուրջկալի ժամանակ պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աքլեհի սպանության հետ: Հիշեցնենք Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ վերջինիս սպանության համար հավանաբար պատասխանատու են իսրայելցի զինվորականները:
Ռայսի համալսարանից Քրիստիան Ուլրիխսենը ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում է, որ թե՛ Թրամփի, և թե՛ հատկապես Բայդենի վարչակազմը, շարունակական ճնշումներ են բանեցրել Սաուդյան Արաբիայի վրա Խաշոգիի սպանության հետ կապված միջազգային հետաքննություն իրականացնելու համար: ‘’Սակայն թվում է, որ Շիրին Աբու Աքլեյի սպանության հետ կապված ճնշումներ գրեթե չկան’’, ասում է նա:
Հարկ է նշել, որ Իսրայել կատարելիք այցից առաջ Սպիտակ տունը հայտնել էր, թե լրագրողի ընտանիքը հրավիրվել է Միացյալ Նահանգներ՝ «ուղղակիորեն շփվելու» նախագահի հետ: Սա կարծես մխիթարական քայլ է համարվում շատերի կողմից, որը չի կարող գոհացնել մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին:
Եվ փորձագետներն ասում են, որ նախագահի պաշտոնում Բայդենի առաջին այցը Մերձավոր Արևելք լինելու է դժվար, քանի որ իրավապաշտպան խմբերը հետևում են յուրաքանչյուր ժեստ ու ձեռքսեղմում, գրանցում յուրաքանչյուր բառ ու արտահայտություն:
''Ամերիկայի Ձայն''