Կա՞ արդյոք կյանք այլուր` տիեզրեքում. Փորձելու է պարզել Ուեբ աստղադիտակը

ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների գործակալությունը` ՆԱՍԱ-ն ցուցադրում է Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի առաջին գունավոր պատկերների հավաքածուն: ՆԱՍԱ-ն նախադեպը չունեցող պատկերները հրապարակել է երեքշաբթի օրը, մեկ օր անց այն բանից հետո, երբ ցուցադրել էր խորը տիեզերքի աստղերի և գալակտիկաների ամբողջական գունավոր նկարները:

Ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասել, այս աստղադիտակը «նոր պատուհան է բացում դեպի մեր տիեզերքի պատմություն»: Չէ որ այդ հեռավոր աստղերին նայելով, մենք տեսնում ենք մեր տիեզերքի անցյալը եւ տեսնում նաեւ աստղեր, որոնք կործանվել են միլիոնավոր տարիներ առաջ: Այն գրանցելու է իրադարձություններ տիեզերքում, որոնք տեղի են ունեցել մեզնից 13,5 միլիարդ տարի առաջ, երբ նոր էր ծնվել տիեզերքը:

10 միլիարդ դոլար արժողությամբ աստղադիտակը, որը երբևէ տիեզերք արձակված ամենամեծ և ամենահզոր աստղադիտակն է, տեսնում է տիեզերքի այն խորությունն ու հեռավորությունը, որտեղ մարդկության տեսողությունը չի հասել երբեք:

Աստղադիտակը արձակվել էր դեկտեմբերի 25-ին Հարավային Ամերիկայի Ֆրանսիական Գվիանայից: Երկրագնդից այն անցել է 1,6 միլիոն կիլոմետր ճանապարհ:

Ուեբ աստղադիտակով գիտնականները դիտելու են մեր տիեզերքի ամենահեռավոր ու նույնիսկ տիեզերքի վերջնասահմանին գտնվող աստղերը, գալակտիկաներն ու մոլորակները, ինչպես նաեւ ավելի մանրակրկիտ ու ճշգրիտ նկարներ են ստանալու մեզ ավելի մոտ գտնվող տիեզերական մարմիններից, արեգակնային համակարգի բոլոր անկյուններից, մեր Ծիր Կաթին գալակտիկայից, հասկանալու կյանքի առաջացումը, կյանքի գաղտնիքը եւ թե արդյոք կա այլ կյանք այլուր տիեզերքում: