Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը Սաուդյան Արաբիա կմեկնի Իսրայելից ուղիղ թռիչքով: Սա Իսրայելի և արաբական հարևանների միջև ավելի բարեկամական հարաբերությունների արտացոլումն է: Հսկայական մի տեղաշարժ, որը վերափոխում է տարածաշրջանի քաղաքական իրավիճակը:
Այս այցով Ջո Բայդենը մտադիր է առաջ մղել տարածաշրջանում Իսրայելի ավելի խորն ինտեգրմանը և կոչ է անելու Պարսից ծոցի երկրներին ավելի շատ նավթ արտահանել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա առկա ճնշումը մեղմելու համար։ Դիտորդները ուշադրությամբ են հետեւելու, թե ինչպես է Բայդենը հավասարակշռում ԱՄՆ-ի տնտեսական շահերը մարդու իրավունքների ամերիկյան արժեքների հետ՝ հաշվի առնելով լրագրողներ Ջամալ Խաշոգջիի և Շերին Աբու Աքլեյի սպանությունները:
Ինչպես ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին է ասում. «Մենք երկխոսություններ ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ հատկապես հակաօդային պաշտպանության հնարավորությունների շուրջ եւ քննարկում ենք, թե ինչ է հարկավոր անել պաշտպանության բնագավառում նրանց օգնելու համար: Նաեւ ուսումնասիրում ենք հակաօդային պաշտպանական կարողություններն ինտեգրելու հնարավորությունը»:
Թել Ավիվից Բայդենը կուղևորվի անմիջապես Ջիդդա: Սա Սաուդյան Արաբիայի դիրքերը մեղմելու ազդակ է, երբ այն մինչ այժմ չի ճանաչում Իսրայելին, վերջինիս կողմից պաղեստինյան տարածքներն օկուպացնելու պատճառով:
Քարնեգիի հիմնադրամիից Յասմին Ֆարուքն ասում է, թե Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք նույնիսկ
փակ դռների հետևում են հանդիպումներ ունեցել իսրայելցիների հետ, ինչը վկայում է գործընթացն առաջ գնալու մասին: ‘’Բայց եկեք շատ հեռու չգնանք: Սա դեռեւս առաջին քայլն է դեպի նորմալացում», ասում է նա:
Ջիդդայում Բայդենը հանդիպում կունենա Պարսից ծոցի երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի առաջնորդների հետ՝ անվտանգության երաշխիքներ առաջարկելու համար՝ միաժամանակ խնդրելով աջակցել այն ժամանակ, երբ Վաշինգտոնը կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի և Չինաստանից առկա սպառնալիքների վրա։
Նա կոչ կանի երկարաձգել հրադադարը Եմենում, և
նավթարդյունահանող երկրներին կհորդորի ավելի շատ նավթ մղել՝ ուկրաինական պատերազմի հետևանքով առաջ եկած նավթի բարձր գներն իջեցնելու համար:
Այդուհանդերձ, ակտիվիստները քննադատում են Բայդենին՝ Սալման թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպելու և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերի համար, մի երկիր, որն ինքը` Բայդենը ժամանակին անվանում էր մերժված: