ԱՄՆ-ը կոչ է անում G20-ին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա հացահատիկի ճգնաժամը կարգավորելու համար

Գլոբալ պարենային անվտանգությունը լինելու է G20-ի արտգործնախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում

Այս շաբաթ Ինդոնեզիայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում կլինեն պարենային և էներգետիկ անվտանգության հարցեր։ Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ G20-ի անդամները պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա՝ աջակցելու ՄԱԿ-ի ջանքերին՝ բացելու ծովային ուղիները, որոնք արգելափակված են Ուկրաինա Մոսկվայի ներխոժման պատճառով:

Տնտեսական և բիզնեսի հարցերով պետքարտուղարի օգնական Ռամին Տոլուին լրագրողներին ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կբարձրացնի էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները ինչպես ուրբաթ օրը կայանալիք G20-ի ԱԳ նախարարների գլխավոր հանդիպման, այնպես էլ հիմնական միջոցառման շրջանակներում ծրագրած երկկողմանի շփումների ժամանակ:

«Մեծ քսանյակի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն Ռուսաստանին և պնդեն, որ նա աջակցի ՄԱԿ-ի շարունակական ջանքերին՝ հացահատիկի արտահանման նպատակով ծովային ուղիները բաց պահելու համար», - ասաց նա՝ նկատի ունենալով ուկրաինական և ռուսական պարենային ապրանքներն ու պարարտանյութերը համաշխարհային շուկաներ բերելու նախաձեռնությունը: «Անկախ նրանից, թե դա տեղի կունենա G20-ի մակարդակով, թե G20-ի առանձին երկրների մակարդակով, սա կարևոր կետ է, որի վրա պետք է կենտրոնանա քարտուղար Բլինքենը»:

Պետքարտուղարության Արևելյան Ասիայի տարածաշրջանի պատասխանատու Դանիել Կրիտենբրինկը նույն ճեպազրույցում ասել է, որ ակնկալում է «անկեղծ» կարծիքների փոխանակում Ուկրաինայի վերաբերյալ Բլինքենի և Չինաստանի արտգործնախարար Վան Յիի միջև G20-ի շրջանակներում երկկողմ բանակցությունների ընթացքում:

«Սա ևս մեկ հնարավորություն կլինի արտահայտելու մեր ակնկալիքներն այն մասին, թե ինչ ենք մենք ակնկալում Չինաստանից և ինչ չպետք է այն անի Ուկրաինայի համատեքստում», - ասաց նա։

Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին իրենց «անսահման» գործընկերության մասին։ Սպիտակ տունն արդեն նշել է, որ ԱՄՆ-ը չի արձանագրել, որ Չինաստանը խուսափում է Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներից կամ ռազմական տեխնիկա մատակարարի Ռուսաստանին։

Սակայն Չինաստանը հրաժարվեց դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում եւ քննադատեց Արեւմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

ԱՄՆ-ը նախազգուշացրել է հետեւանքների, այդ թվում՝ պատժամիջոցների մասին, եթե Չինաստանը սկսի աջակցել ռուսական ռազմական ներխուժմանը։

Վաշինգտոնը Չինաստանին անվանում է իր գլխավոր ռազմավարական մրցակիցը և մտավախություն ունի, որ Պեկինը կարող է մի օր փորձել բռնությամբ գրավել Թայվանը, ինչպես Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա:

Կրիտենբրինկն ասել է, որ «շատ կարևոր է» պահպանել Պեկինի հետ հաղորդակցության բաց խողովակը՝ «կանխելու ցանկացած սխալ հաշվարկ, որը կարող է ակամա հանգեցնել կոնֆլիկտի և առճակատման»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա