ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը հատուկ տեղ է հատկացնում Ռուսաստանին և Չինաստանին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում

ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները հանդիպել են Մադրիդում՝ հաստատելու դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որը թվարկում է «ռուսական ագրեսիան», «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից առաջադրված համակարգային մարտահրավերները» և երկու երկրների միջև «ռազմավարական գործընկերության խորացումը»՝ որպես ՆԱՏՕ-ի առաջնահերթություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան ռազմական դաշինքի այս փաստաթուղթը Ռուսաստանը անվանում է որպես «ամենանշանակալի և ուղղակի սպառնալիք» և առաջին անգամ ուշադրություն է սևեռում Պեկինի մարտահրավերներին ՆԱՏՕ-ի անվտանգությանը, շահերին և արժեքներին:

Գագաթնաժողովում, որը կավարտվի հինգշաբթի, դաշինքի անդամները պայմանավորվել են ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը, որն իրեն պաշտպանում է ավելի քան չորս ամիս տևողությամբ ռուսական ներխուժումից:

Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այս շաբաթվա սկզբին լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ն կավելացնի բարձր պատրաստականության զորքերի թիվը՝ այն հասցնելով ավելի քան 300,000-ի՝ «անվտանգության ոլորտում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ ճգնաժամի» պայմաններում:

Գագաթնաժողովին իր վիրտուալ ելույթում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ իր երկրին անհրաժեշտ է ավելի առաջադեմ զենք և ամսական մոտ 5 միլիարդ դոլար՝ իրեն պաշտպանելու համար:

ՆԱՏՕ-ի անդամները պլանավորում են Ուկրաինային ռազմական և այլ աջակցություն ցուցաբերել անորոշ ժամանակով, ասել է Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը:

«Բոլորը, ում հետ ես խոսեցի, ընդհանուր առմամբ կիսում էին այն ըմբռնումը, թե որքան կարևոր է, որ Ռուսաստանը չհաղթի: Գաղափարն այն է, որ եթե Ռուսաստանը հասկանա, որ կարող է ինչ-որ բան շահել ուժի լայնածավալ կիրառմամբ, Եվրոպան ապագայում կայուն կամ ապահով չի լինի, և հետևաբար Ռուսաստանը չպետք է հաղթի, այլ պետք է հաղթի Ուկրաինան», - ասաց նա «Ամերիկայի ձայնին»:

Մինչ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր անդամակցությունը՝ ներառելով Ֆինլանդիան և Շվեդիան, գագաթնաժողովը կենտրոնացել է նաև դաշինքից դուրս գտնվող երկրների հետ գործընկերության ամրապնդման վրա: Գագաթնաժողովին հրավիրվել են Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի ղեկավարները։

«Նախագահ Պուտինը չկարողացավ փակել ՆԱՏՕ-ի դռները»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա ստանում է իր ուզածի հակառակը: Նա ավելի քիչ ՆԱՏՕ է ուզում, սակայն ավելի շատ ՆԱՏՕ է ստանում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ մեր դաշինքին միանալու արդյունքում»։

ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում նաև ասված է, որ կլիմայի փոփոխությունը «մեր ժամանակի որոշիչ մարտահրավերներից է»:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի Սպիտակ տան թղթակիցներ Անիտա Փաուելի ու Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա