ԱՄՆ-ը մտադիր է իր ուժերն ամրապնդել Եվրոպայում

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը որակվում է որպես դաշինքի ապագայի համար վճռորոշ հանդիպում, երբ աշխարհը կանգնած է մեծ սպառնալիքների առջեւ: Այս պայմաններում ԱՄՆ-ը հայտարարում է Եվրոպայի տարածքում իր ուժերն ամրապնդելու որոշման մասին:

«Մեր դաշնակիցների հետ միասին մենք ուզում ենք լինել վստահ, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել որեւէ ուղղությունից հնարավոր սպառնալիքներին, լինի ցամաքային, օդային, թե ծովային», ասել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժերի նոր տեղակայումներ են սպասվում Լեհաստանում, ուժեղացված ռոտացիոն տեղակայումներ` Ռումինիայում և բալթյան երկրներում: Այստեղ կտեղաբաշխվեն ռազմածովային ուժեր, F-35 տիպի կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:

ՆԱՏՕ-ն ծրագրում է յոթ անգամ ավելացնել իր արագ արձագանքման ուժերը՝ դրանց թիվը հասցնելով մինչև 300 հազար զինվորականի:

ՆԱՏՕ-ն նաեւ պատրաստվում է ընդլայնվել, երբ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հրավեր ստացան միանալու դաշինքին: Հիշեցնենք, որ այդ ճանապարհին խոչընդոտ դարձած Թուրքիան ի վերջո համաձայնվեց հետ վերցնել իր վետոն: Այժմ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պիտի առանձին-առանձին հաստատի հայտները: Վերջանկան տեսքի բերելու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Ինչպես Միջազգային հարաբերությունների ֆիննական հաստատությունից Չարլի Սալոնիուս-Պաստեռնակն է ասում,

«Դա, անկասկած, Մադրիդը պատմական գագաթաժողով դարձնելու բաղադրիչներից մեկն է: Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին թույլ է տալիս վերագծել Հյուսիսային Եվրոպայի ողջ պաշտպանությունը»:

ՆԱՏՕ-ի ռազմավարական դիրքորոշման փոփոխությունն ուրվագծվեց երեքշաբթի օրը գագաթաժողովում հաստատված նոր «Ռազմավարական հայեցակարգով»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի խոսքերով, «Հստակ է, որ Ռուսաստանը մեր անվտանգության համար ամենամեծ և ուղիղ սպառնալիքն է», ասել է նա:

Մինչ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր պաշտպանությունը, Ուկրաինան շարունակում է դիմակայել Ռուսաստանի ներխուժման ողջ ուժին: Գագաթաժողովին Կիևից առցանց միացավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որն ասաց, թե «Սա Ռուսաստանի կողմից միայն Ուկրաինայի դեմ մղվող պատերազմ չէ։ Սա պատերազմ է Եվրոպայում պայմաններ թելադրելու իրավունքի համար», ասաց նա:

ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է Ուկրաինային աջակցության նոր երկարաժամկետ փաթեթը. ՆԱՏՕ-ի առանձին անդամներ ծանր սպառազինություն են ուղարկում, սակայն Կիեւը հայտատարում է, որ իրեն շատ ավելի զենք է հարկավոր, քան ստանում է:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Եվրոպայի գծով օգնականի նախկին տեղակալ Ջին Թաունսենդի խոսքերով, չնայած Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությանը, ‘’այն, ցավոք սրտի, տեղ է հասնում շատ փոքր փաթեթների տեսքով’’:

Ասենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցեցին նաեւ հնդխաղաղօվկիանոսյան դաշնակիցները Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում առաջին անգամ հիշատակվում է Չինաստանը։ Ինչպես գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն ասաց, «Մենք տեսնում ենք խորացող ռազմավարական գործընկերություն Մոսկվայի և Պեկինի միջև, և մեր գործընկերների անվտանգության վրա` Չինաստանի աճող ինքնհաստատումը»:

Մադրիդի գագաթաժողովը հիրավի պատմական իրադարձություն է ՆԱՏՕ-ի համար, որտեղ արձանագրվեց Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգը եւ այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է իր ուժերն ու կարողությունները հարմարեցնի ընդդեմ այդ սպառնալիքի:

''Ամերիկայի Ձայն''