Ով պիտի ղեկավարի ներկա աշխարհը

Նախագահ Ջո Բայդենը մեկնարկում է իր եվրոպական այցը Գերմանիայում Մեծ յոթնյակի առաջնորդների հետ հանդիպելով: Այս գագաթաժողովում նրանք քննարկելու են համաշխարհային տնտեսական մարտահրավերները, ենթակառուցվածքները, կլիմայի փոփոխությանն ու էներգետիկ անվտանգությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը։

Ինչպես Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քըրբին է ասում, աշխատանքներ են տարվում, որոնց վերջնական նպատակը երկրի ազգային անվտանգությունն ամրապնդելն է, դաշնակից երկրներում էներգետիկ անվտանգությունն ապահովելը, ինչպես նաեւ չհրահրված պատերազմի պատճառով Վլադիմիր Պուտինի դեմ ճնշումները մեծացնելը:

Սպիտակ տան պաշտոնյաներն ասում են, թե յոթ խոշորագույն տնտեսություններն ունեցող ժողովրդավարական երկրների առաջնորդները կձգտեն «առաջ մղել աշխարհի տեսլականը, որը հիմնված է ազատության և արդարության վրա», ինչպես նաև կգործարկեն գլոբալ ենթակառուցվածքային համագործակցություն, որը նման կլինի Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա երկու գագաթաժողովում:

Բայդենն այնուհետեւ կմեկնի Իսպանիա՝ մասնակցելու այս տարվա ՆԱՏՕ-ի երկրորդ գագաթաժողովին:

Փորձագետների խոսքերով, ՆԱՏՕ-ն փորձելու է վերաիմաստավորել դաշինքի նպատակը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններից Քեթլին Մաքինիսն ասում է, թե կողմերը հաստատելու են ռազմավարական հայեցակարգը, որոշելու են առաջիկա 10-15 տարիների անելիքները:

Այս գագաթաժողովի հրատապ հարցը ՆԱՏՕ-ին միանալու

Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումն է, երբ Թուրքիան դեմ է հանդես գալիս նման քայլին: Անկարան պնդում է, որ սկանդինավյան երկու այս երկրները պիտի ուժեղացնեն իրենց հակաահաբեկչական օրենքները, վերջ դնեն Թուրքիային զենք վաճառելու արգելափակմանը և արտահանձնեն որոշ մարդկանց, այդ թվում մի քանի քուրդ լրագրողների, որոնք, ըստ Թուրքիայի իշխանությունների, ծայրահեղական շարժման մաս են կազմում:

Ինչպես Վիլսոնի կենտրոնի Մերձավոր Արեւելքի հարցերով բաժնի ղեկավար Ջեյմս Ջեֆրին է ասում, ‘’Սխալ կլիներ Էրդողանի հետ փոխզիջման բացառումը։ Թե որ հարցերում կարելի է գնալ փոխզիջման, վերլուծաբանը չի մանրամասնում:

Սա աշխարհի գերհզոր պետությունների առաջնորդների միջեւ միակ գագաթաժողովը չէ այս ամսվա ընթացքում։ Այս ամիս տեղի ունեցավ նաեւ BRICS-ի հանդիպումը, որը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնատառերով կազմված հապավումն է: Հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահը քննադատեց ԱՄՆ-ի նպատակները Ուկրաինայում և աշխարհում:

Այնպես որ, ստեղծվում է մի միջավայր աշխարհում, որտեղ բարձրացվում է հետեւյալ հարցը. ‘’Ո՞վ պիտի ղեկավարի աշխարհը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ութ տասնամյակ անց’’:

''Ամերիկայի Ձայն''