Թայվանը կործանիչներ է օդ բարձրացրել` հետ մղելու չինական ինքնաթիռներին, որոնք մտել էին ՀՕՊ-ի նույնականացման գոտի:
Այդ ինքնաթիռների թվում եղել են ռմբակոծիչներ, որոնք թռչել են կղզուց ավելի հարավ գտնվող տարածքներում, հետո ուղղություն են վերցրել դեպի Խաղաղ օվկիանոս: Միջադեպը լարվածության նոր ալիք է բարձրացրել:
Թայվանը, որին Չինաստանը համարում է իր անբաժան մասնիկը, վերջին երկու կամ ավելի տարիների ընթացքում պարբերաբար բողոքում է Չինաստանի օդուժի կողմից կրկնվող նման գործողությունների դեմ: Գործողությունները հիմնականում կենտրոնանում են Թայվանի կողմից վերահսկվող Պրատաս կղզիների մոտ:
Թայվանը Չինաստանի ռազմական այս գործողություններն անվանում է «մոխրագույն գոտու» պատերազմ, որը նախատեսված է ինչպես թայվանական ուժերին հյուծելու, այնպես էլ` Թայվանի արձագանքը գրանցելու համար:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չինական վերջին գործողություններին մասնակցել են 17 կործանիչներ և վեց H-6 տիպի ռմբակոծիչներ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքար մղելու օդանավեր, վաղ նախազգուշացման համակարգեր, հակասուզանավային ինքնաթիռ և լիցքավորող մեկ օդանավ:
Նախարարության տրամադրած քարտեզի համաձայն, որոշ ինքնաթիռներ թռչել են Պրատաս կղզիներից հյուսիս-արևելք ընկած տարածքով:
Reuters