Անկարայի ռազմական պատվիրակությունն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական հացահատիկի արտահանման համար Սև ծովում հնարավոր անվտանգ ծովային միջանցքի մանրամասները։
Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից: Ռուսական ТАСС լրատվական գործակալությունն էլ հաստատել է բանակցությունների ծրագիրը՝ վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարած ներխուժումը դադարեցրեց ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով՝ առաջացնելով պարենի համաշխարհային դեֆիցիտ, թեև Մոսկվան պնդում է, որ ճգնաժամի պատճառն Արեւմուտքի պատժամիջոցներն են: ՄԱԿ-ը երկու երկրներին և նրանց ծովային հարևան Թուրքիային կոչ է արել համաձայնության գալ միջանցքի շուրջ:
Նախատեսվող միջանցքի շուրջ Անկարան արդեն բանակցություններ վարել է Մոսկվայի և ՄԱԿ-ի հետ, սակայն հայտարարել է, որ վերջնական համաձայնության համար կպահանջվի բոլոր կողմերի հանդիպումը Ստամբուլում: Այստեղ, ըստ Թուրքիայի, այս ծրագրի իրագործումը կդրվի իր վերահսկողության ներքո:
Աղբյուրները հայտնել են, որ առաջիկա շաբաթներին Ստամբուլում քառակողմ հանդիպում կանցկացվի Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև, հնարավոր է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։