ԵՄ-ի մի շարք երկրներ կոչ են անում սկսել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ մշակելու աշխատանքներ: Այս երկրները նաեւ ունեն Կիեւին լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մտադրություն:
Ըստ այս երկրների մի շարք դիվանագետների՝ ԵՄ-ի 27 երկրների մոտ մեկ երրորդը, հիմնականում Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի պետությունները, ցանկանում են, որ ԵՄ-ի ղեկավարությունը սկսեր աշխատել պատժամիջոցների յոթերորդ փուլի վրա։
Փաստաթղթի նախագիծը, որը ենթադրվում է, որ կներկայացվի այս շաբաթավերջին, նոր պատժամիջոցների մասին որևէ հիշատակում չունի։ Սակայն հունիսի 15-ի տեքստը ըստ Reuters-ի տեղեկությունների, հավանաբար կփոխվի հանդիպումից հետո:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Գերմանիան և մի շարք այլ երկրներ ներկայում գերադասում են կենտրոնանալ արդեն իսկ սահմանված պատժամիջոցների իրականացման և դրանք շրջանցելու ուղիների վերացման վրա՝ առանց նոր միջոցների համաձայնեցման։
Մի քանի քննարկումներից հետո ԵՄ-ն անցյալ ամիս համաձայնեց պատժամիջոցների վեցերորդ փուլին, որն, ի թիվս այլ հարցերի, ներառում է նաեւ նավթի մատակարարումներն արգելելու և մի շարք բանկերի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու հարցերը:
Հունիսի 23-24-ին անցկացվելիք գագաթաժողովի նախնական փաստաթղթերի համաձայն, ԵՄ-ը «խստորեն հավատարիմ է մնում Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորությանը:
Շվեդիան և Լեհաստանը գլխավորում են Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի այն պետություններին, որոնք պահանջում են անհապաղ լրացուցիչ միջոցներ տրամադրել Ուկրաինային: Կիեւին ռազմական աջակցության շրջանակներում ԵՄ-ն արդեն իսկ հատկացրել է 2 միլիարդ եվրո:
Գերմանիան և որոշ այլ պետություններ չեն ցանկանում հետագայում օգտագործել այդ մեխանիզմը՝ պատճառաբանելով բյուջետային խնդիրները։