Ջորջ Ռոբերտսոնը, Անդերս Ռասմուսենը, Յաապ դե Հոպ Սխեֆերը և Խավիեր Սոլանան հունիսի 15-ին հանդիպել են Ատլանտյան խորհրդում՝ իրենց համերաշխությունը հայտնելու Ուկրաինային դաշինքի աջակցության վերաբերյալ: Նշված չորս պետքարտուղարները գլխավորել են ՆԱՏՕ-ն 1995-ից մինչև 2014 թվականը: Նրանց պաշտոնավարման տարիներին Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների շատ տարբեր ժամանակաշրջաններ են եղել, բայց այսօր նրանք բոլորն էլ ընդհանուր կարծիք ունեն այն մասին, որ.
- Ուկրաինան պետք է ստանա ռազմական և տնտեսական օգնություն այնքան ժամանակ, որքան այն անհրաժեշտ կլինի Ռուսաստանի ագրեսիան ամբողջապես և վերջնականապես հետ մղելու համար.
- միայն Ուկրաինան կարող է որոշել, թե որ պահին և ինչ պայմաններում ավարտված պետք է համարել ռուսական ագրեսիան հետ մղելու խնդիրը.
- Ռուսաստանը պետք է հստակ ազդանշան ստանա վերը նշված կետերում Արևմուտքի միասնության և հաստատակամության մասին:
1999-2003 թվականներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջորջ Ռոբերթսոնն ասում է. ‘’Ուկրաինացիներն այսօր պայքարում են բոլորիս համար, և այդ պատճառով մենք պարտավոր ենք օգնել նրանց ամեն ինչում, ինչպես որ կարող ենք։ Ուկրաինացի ժողովուրդը պետք է հաղթի, և հենց նա պետք է որոշի, թե ինչ է հաղթանակը։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կանգ չի առնելու եւ նույնն անելու է Մոլդովայում, այնուհետեւ` Վրաստանում:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ուղերձը Պուտինին պետք է հստակ լինի՝ մեր համերաշխությունը, միասնությունն ու վճռականությունը։ Ռուսները պետք է զգան, որ մի երկրի վրա հարձակումն իսկապես հարձակում է բոլորի վրա։ Այս պարզ և հստակ ուղերձը պետք է ևս մեկ անգամ հստակորեն փոխանցվի մարդկանց փոքր խմբին, ովքեր ներկա պահին շրջապատում են նախագահ Պուտինին’’:
Նրա խոսքերով, հակառակորդը պետք է իմանա, որ լուրջ հետևանքներ են լինելու, սակայն չպիտի իմանա, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացվելու դաշինքի կողցմից:
Ռոբերտսոնը կարծում է, որ Պուտինը կշարունակի շատ զգուշանալ այն թիրախներից, որոնք կարող են համարվել ՆԱՏՕ-ի թիրախներ, նույնիսկ եթե դրանք գտնվում են Ուկրաինայի ներսում. ‘’Նա գիտի, որ իր երկիրը վտանգի տակ է և չի համարձակվի անցնել սահմանը’’, ասում է նա:
Անդերս Ռասմուսենը, որը Դանիայի նախկին վարչապետն է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում է եղել 2009-2014 թվականներին: Նրա պաշտոնավարման ընթացքում էր, որ տեղի ունեցավ Ղրիմի բռնակցումը: Այժմ նա ասում է, թե դաշնակիցներն ամեն կերպ պիտի աջակցեն Ուկրաինային, որպեսզի այն ձեռք բերի անհրաժեշտ բոլոր զենքերը, այդ թվում՝ ավելի ծանր և ավելի հեռահար հրթիռային հրետանի»:
‘’Ուկրաինացիները պայքարելու կամք ունեն»,- ընդգծում է Ռասմուսենը եւ շարունակում, ‘’Մենք պետք է նրանց տանք ամեն հնարավորություն։ Նրանք պայքարում են մեր բոլորի անունից հանուն ազատության և ժողովրդավարության’’։
Ռասմուսենը նաեւ ձևակերպում է բոլոր չորս առաջնորդների դիրքորոշման կարևոր կետը. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները չպետք է Ուկրաինային մղեն դեպի անշահավետ խաղաղություն։ Ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե որոնք են լինելու հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի պայմանները»։
Զրույցի մասնակիցները կանգ առան Ռուսաստանի դեմ նավթի և գազի բեռնարգելքի հարցի վրա և հայտնեցին ընդհանուր կարծիք առ այն, որ. ‘’Մենք պետք է ամբողջությամբ դադարեցնենք ռուսական գազի և նավթի գնումը։ Ոչ թե վեց ամսից, ոչ մեկ տարուց, այլ հիմա... Մենք պետք է դադարենք փողով լցնել Պուտինի և նրա ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված մյուս անձանց գանձարանը», հայտարարեց Ռասմուսենը:
2004-2009 թվականներին ՆԱՏՕ-ն գլխավորած Յաապ դե Հոոպ Սխեֆերն ընդգծել է. ‘’Այն ամենը, ինչին հասել է Վլադիմիր Պուտինը, աննախադեպ համերաշխություն է ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև Եվրամիության համար:
ԽՍՀՄ անվանումը կրող չարիք կայսրության փլուզումից հետո ինքնագոհության և միամիտ սպասումների ժամանակներն անցել են’’, ասում է նա: Սխեվերը կարծում է, որ ՆԱՏՕ-ի համերաշխությունը պետք է դրսևորվի ոչ միայն հրապարակայնորեն տեսախցիկների առջև, այլեւ գործողությունների վերածված ռազմական աջակցությամբ’’:
‘’Պուտինն իրեն վերջերս համեմատեց Պետրոս Առաջինի հետ, ինչը նշանակում է, որ Ուկրաինայից հետո նրա ճաշացանկում կան այլ ուտեստներ, որոնք հերթով կգան, եթե մենք հիմա հանձնվենք’’, - ձևակերպում է Սխեֆերը: Նա հիշում է. ‘’Ես էի, ով սկսեց բացել ՆԱՏՕ-ն Ռուսաստանի առաջ։ Երբեք չեմ մոռանա ռուսների հետ ունեցած բանակցությունները. Մենք ստեղծեցինք նոր մարմին՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ։ Բայց այսօր նախագահ Պուտինն իրեն չի պահում միջազգային հանրության պատասխանատու անդամի, խոշոր երկրի ղեկավարի պես… Հետ նայելով, ես ուզում եմ ասել, որ մեծ սխալ եմ համարում այն, որ մենք Ուկրաինային և Վրաստանին չտրամադրեցինք թեկնածուի կարգավիճակ և ճանապարհային քարտեզ ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնությունների պատճառով: Ես կողմ էի, ԱՄՆ նախագահը նույնպես, բայց Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին Ուկրաինային և Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրմանը։ Մենք ակնհայտ սխալ թույլ տվեցինք, քանի որ Պուտինը ՆԱՏՕ-ի ներսում պառակտումների ազդանշան ստացավ։ 2008-ի Բուխարեստի գագաթաժողովից չորս ամիս անց նա մեզ պատասխան ազդանշան ուղարկեց՝ Աբխազիայից բացի, Վրաստանից նաեւ Հարավային Օսիան օկուպացնելով: Հետո պատմությունը կրկնվեց 2014թ.-ին: Եվ մենք դարձյալ չափազանց տատանողական դիրքեր որդեգրեցինք: Այսպիսով, Պուտինը եզրակացրեց, որ կարող է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ առանց իրեն լուրջ վնաս հասցնելու։ Ուկրաինայում նրա արշավը հատուցում է մեր անվճռականության համար, ուստի պետք է դասեր քաղել պատմությունից, որպեսզի նույնը չկրկնվի»,- եզրափակում է Սխեֆերը։
Նրա կարծիքով, Մադրիդի գագաթաժողովը պետք է որոշի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական բազաների ստեղծման մասին՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում:
‘’Մենք պետք է հստակ ազդանշան տանք Պուտինին. Քո ստեղծած քաոսից դուրս գալու միակ ելքը Ուկրաինայից հեռանալն է», ասում է նախկին գլխավոր քարտուղար Սխեվերը։
Շարունակելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին խոսակցությունը՝ Ջորջ Ռոբերտսոնը նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան վաղուց ՆԱՏՕ-ի ռազմական ռազմավարության անբաժանելի մասն են։ ‘’Շատերը փորձեցին համոզել Շվեդիային և Ֆինլանդիային միանալ ՆԱՏՕ-ին: Բայց միայն Վլադիմիր Պուտինին հաջողվեց դա անել չորս շաբաթվա ընթացքում’’, հեգնանքով ասում է Ռոբերտսոնը։ ‘’Այս երկրները կլինեն մեծ դաշինքի մի մասը, ինչը հսկայական քայլ է դեպի առաջ և լիակատար ձախողում Պուտինի համար, որն արդեն անհույս կերպով է պայքարում ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդարձակման’’:
Խավիեր Սոլանան՝ Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարարը, որը ՆԱՏՕ-ն գլխավորել է 1995-1999 թվականներին, ասում է, թե Պուտինի արկածախնդրության ձախողումը շատ կարևոր է: ‘’ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նրան պետք է մեկ հստակ ուղերձ հղի այն մասին, որ մենք լիակատար քաղաքական համաձայնություն ունենք, թե ինչի պետք է հասնենք Ուկրաինայում’’:
Թեքսաս նահանգի նախկին սենատոր Քեյ Բեյլի Հաթչիսոնը, որպես ՆԱՏՕ-ում 2017-2021 թվականներին ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, ամփոփելով հանդիպման թեման, հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իդեալականորեն է կատարում իր անդամների հավաքական անվտանգությունն ապահովելու խնդիրը: Եվ եթե կա մի բան, որտեղ նախագահ Պուտինը սխալվել է, սկսած Ուկրաինա կատարած ներխուժումից, այն է, որ նա պարզապես թերագնահատել է մեր դաշինքին և կազմակերպության անդամ երկրների միասնությունը»:
''Ամերիկայի Ձայն''