Վերջին չորս տարիների ընթացքում լրագրող Նավրոզ Ռաշոն Սիրիայի հյուսիսում գտնվող Շահբայի շրջանում գտնվող այս ճամբարը համարում է իր տունը: Երբ 2018-ին թուրքական տանկերը ներխուժեցին իր հայրենի Աֆրին քաղաք, լրագրողուհին և նրա ընտանիքը այլ ելք չունեին, քան միանալ հազարավոր այլոց, ովքեր փախչում էին դեպի անվտանգ հատվածներ:
Նրա տունը խոցվել էր հրասայլի կրակից, իսկ հայրը սպանվել էր հրետակոծության հետևանքով։ Այժմ Ռաշոն ապրում է մարտերի հետևանքով տեղահանված մարդկանց ճամբարում:
Your browser doesn’t support HTML5
‘’Սկայպ’’-ով տված հարցազրույցում նա ասում է: «Հորս մահն ինձ ստիպեց ավելի լավ հասկանալ լրագրության կարեւորությունը։ Դա ինձ ստիպեց հասկանալ, թե ինչպես են լրագրողներն այս պայմաններում դառնում պատմության մի մասը: Ես հասկացա, որ լրագրությունն ինձ համար ավելի կարեւոր է, քան պարզապես աշխատանք լինելը»:
Երեսունմեկամյա Ռաշոն իր օրերն այժմ անցկացնում է «Ամերիկայի Ձայն»-ի և այլ լրատվամիջոցների համար այստեղ բնակվող մարդկանց կյանքի մասին պատմելով:
«Պատճառներից մեկը, որն ինձ ստիպեց մնալ ճամբարում և վերսկսել լրագրությունս, այն էր, որ ես ինքս ապրեցի նույն դժվարությունները, որոնց միջով անցնում են այս մարդիկ: Ու տեսա, որ դեռ շատ պատմություններ կան, որոնք պետք է պատմել և ներկայացնել աշխարհին»։
Եվ որքան շատ է նա պատրաստում հաղորդումներ, այնքան ավելի շատ է տեսնում ուրիշների կյանքի վրա իր աշխատանքի արդյունքը:
Սակայն որպես տեղահանված անձ հաղորդումներ պատրաստելը դյուրին գործ չէ: Ռաշոյի նման լրագրողները հաճախ չունեն աշխատավայր կամ համապատասխան սարքավորումներ։
Ըստ ՄԱԿ-ի, տեղեկատվության հասանելիությունը և արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունը կարևոր նշանակություն ունեն տեղահանվածների համար ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Քրիս Բոյանի խոսքերով, «Կարծում եմ, որ իրականում չկա ոչինչ կամ որեւէ մեկը, որն ավելի զորեղ խոսի փախստականներին վերաբերող հարցերի ու խնդիրների մասին, քան այն մարդը, ով ապրել է այդ պատմությունը և վերապրել այն պատմելու համար»:
Աշխարհում այսօր կա տեղահանված ավելի քան 100 միլիոն մարդ, ասված է ՄԱԿ զեկույցներից մեկում, որոնցից 5000-ը գտնվում են Ռաշոյի ճամբարում:
Բոյանն ասում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը եւ նրա գործընկերները օգնություն և պաշտպանություն են տրամադրում այդ մարդկանց և հնարավորություն են տալիս պատմել իրենց սեփական պատմությունները:
Ռաշոն այն ձայներից մեկն է, որը շարունակում է պատմել տեղահանվածների մասին, ու ժամանակի եւ փորձի հետ միասին բարձրացնում վճռականությունն ու մեծացնում իր գործին նվիրվածությունը:
''Ամերիկայի Ձայն''