Հունիս ամսին Գերմանիայում Մեծ յոթնյակի գագաթաժողովից եւ Իսպանիայում ՆԱՏՕ-ի հանդիպումից հետո, հուլիս ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Մերձավոր Արեւելք: Նա կլինի Իսրայելում, կուղեւորվի դեպի Հորդանան գետի արեւմտյան ափ եւ կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ կմասնակցի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովին:
Բայդենի խոսքերով, այցի նպատակն ավելին է, քան էներգակիրների գների աճը: Խոսքն ազգային անվտանգության մասին է, ասել է նա:
ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջեւ կապերը սրվեցին, երբ 2018 թվականին սպանվեց լրագրող Ջամալ Խաշոգին: ԱՄՆ-ի հետախուզությունը պարզել էր, որ սպանությունը կարգադրվել էր թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից:
Սակայն այսօր, երբ գազի գների պատճառով շարունակվում է դրամի արժեզրկումը, Բայդենը որոշել է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ լուծել այդ խնդիրը:
Բայդենը Իսրայելից, որը Մերձավոր Արևելքում Ամերիկայի ամենամոտ դաշնակիցն է, կթռչի դեպի Ջիդդա, Սաուդյան Արաբիա, ազդարարելով առաջին թռիչքն Իսրայելից դեպի այն երկիր, որը մինչ այժմ չի ճանաչել Իսրայելի պետությունը:
2017 թվականին Թրամփն էր առաջին անգամ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադից ուղղություն վերցրել դեպի Իսրայել:
Վաշինգտոնն այժմ զբաղված է այսպես կոչված լուռ դիվանագիտությամբ՝ ընդլայնելու համար Աբրահամի համաձայնագիրը: Հիշեցնենք, որ այն արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու Թրամփի վարչակազմի ծրագիրն էր:
Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատության վերլուծաբաններից Բրայըն Քաթուլիսը լավատես չէ, որ այս այցը կունենա մեծ հաջողություն: Նա հիշեցնում է պաղեստինցիների խնդիրները չլուծվելու կապակցությամբ Սաուդյան Արաբիայի դժգոհությունը, ինչպես նաեւ Երուսաղեմում շարունակվող անկայունությունը:
Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է իսրայելա-պաղեստինյան խաղաղության բանակցությունների հետ: Սակայն այս ճակատում շարունակվող բախումները, այդ թվում Իսրայելի բանակայինների կողմից պաղեստինյան ծագումով ամերիկացի լրագրողի սպանությունը խոսում են այն մասին, որ խաղաղության հեռանկարներն այստեղ դեռեւս մնում են մշուշի ներքո:
‘’Ամերիկայի Ձայն’’