‘’Քվադ’’ կամ ‘’Քառյակ’’ անվանումը կրող խմբի գագաթաժողովը եւ ռուս-չինական ռազմական վարժանքները

Երեքշաբթի օրը Տոկիոյում «Քվադ» անվանումը կրող պետությունների խմբի գագաթաժողովի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ավստրալիայի նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանեզը միացան ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ դատապարտելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը:

Նախագահ Բայդենն այս պատերազմը համարեց հումանիտար աղետի պատճառ:

Չինաստանին ուղղված հստակ ուղերձում Quad-ը խոստացավ կանխել նմանատիպ թշնամական որեւէ գործողություն Ասիայում:

Ճապոնիայի վարչապետի խոսքերով, իրենք համաձայնության են եկել այն հարցում, որ որեւէ տարածքի ստատուս քվոն ուժով փոխելու միակողմանի փորձերը երբեք ոչ մի տեղ չեն հանդուրժելու։

Չինաստանի կողմից հարձակում սկսվելու դեպքում Թայվանին պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարելուց մեկ օր անց Ջո Բայդենն ասաց, որ այս երկրի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը մնում է անփոփոխ:

Թեև շատերն ունեն մտավախություն, որ Չինաստանը կարող է ներխուժում իրականացնել Թայվանում, Չինաստանի ռազմական ուժերի հզորացումը հիմնականում կենտրոնանում է Հարավչինական ծովի վիճահարույց ջրերում, որտեղ Պեկինը կառուցել և ռազմականացրել է արհեստական կառուցված մի շարք կղզիներ: Չինաստանն այժմ ունի աշխարհի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո:

Ինչպես ‘’Սկայպ’’-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին է ասում վերլուծաբան Սեմ Ռոգեեւեն, «Հնարավորությունների առումով Չինաստանը դեռ շատ հեռու է Միացյալ Նահանգներից, բայց այն բավականին արագ է առաջանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նկատելի է նրա առաջընթացը նաեւ ամբողջ աշխարհում»:

Երբ երեքշաբթի օրը Քառյակն անց էր կացնում իր գագաթաժողովը, Ռուսաստանը հայտարարեց, որ համատեղ օդային պարեկություն է իրականացրել Չինաստանի հետ Ճապոնական և Արևելաչինական ծովերի ջրերում: Հայտարարություն, որը շատերն անվանում են ‘’Հայտարարություն` առանց մեկնաբանության:

Նյութը պատրաստվել է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի աշխատակից Փեթսի Վիդակուսվարայի հոդվածի հիման վրա