Ուկրաինական դատարանը երկուշաբթի օրը, մայիսի 23-ին, ցմահ բանտարկության է դատապարտել ռուս զինվորականին՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո ռազմական հանցագործությունների գործով առաջին դատավարության ընթացքում անզեն քաղաքացիական անձի սպանության համար:
21-ամյա տանկի հրամանատար Վադիմ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել փետրվարի 28-ին Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Չուպախիվկա գյուղում 62-ամյա Ալեքսանդր Շելիպովի սպանության մեջ, ում նա սպանել էր կրակելու հրաման ստանալուց հետո։
Դատավոր Սերհի Ագաֆոնովը հայտնել է, որ Շիշիմարինը, կատարելով ավելի բարձր կոչում ունեցող զինվորի «հանցավոր հրամանը», մի քանի կրակոց է արձակել տուժողի գլխին։
Շիշիմարինը, կապույտ և մոխրագույն գլխարկով ու վերնաշապիկով, լուռ հետևում էր դատավարությանը ամրացված ապակե տուփից չցուցաբերելով ոչ մի զգացմունք վճիռը լսելուց հետո:
Նա հիմնականում կանգնած էր գլուխը խոնարհած լսելով իր թարգմանչին, որը երկու պահակներով կանգնած էր ապակե խուցից դուրս:
Դատավարությունը հսկայական նշանակություն ունի Ուկրաինայի համար, որը մեղադրում է Ռուսաստանին ներխուժման ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ դաժանությունների մեջ և պնդում, որ բացահայտել է ավելի քան 10,000 հնարավոր ռազմական հանցագործություն:
Ռուսաստանը հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորումը կամ ռազմական հանցագործություններին մասնակցությունը: Կրեմլն անմիջապես չի մեկնաբանել դատավճիռը ասելով, որ տեղեկություն չունի դատավարության մասին, և որ Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչության բացակայությունը սահմանափակում է օգնություն ցուցաբերելու իրենց հնարավորությունը։
Նյութը պատրաստվել է «Reuters» լրատվավակնի հոդվածի հիման վրա: