Ուրկաինայում պատերազմը սաստկանում է, ամերիկյան օգնության ծավալներն` աճում

Այսօր, երբ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը մոլեգնում է հատկապես Օդեսայում և ուկրաինական մի շարք այլ քաղաքներում, ԱՄՆ-ի կողմից իրականացվում են այս երկրին տրամադրվող օգնության ծավալներն ավելացնելու քայլեր:

Ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ Կոնգրեսը հաստատեց 13,6 միլիարդ դոլար՝ Ուկրաինային օգնելու համար, նախագահ Ջո Բայդենը, զգուշացնելով, որ ռազմական օգնության ֆինանսավորումը կսպառվի մեկ շաբաթից, խոստացավ ևս 33 միլիարդ դոլարի հատկացումներ: ԱՄՆ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Պուտինը, կարծես, պատրաստվում է երկարատև հակամարտության, քանի որ նրա սկսած պատերազմը կարծես մտել է փակուղի` դեռեւս չհասնելով նախնական նպատակին:

Դեմոկրատ կոնգրեսականները, որոնք ասում են, թե 33 միլիարդ դոլարը բավարար չէ, Բայդենի առաջարկած այդ գումարին ավելացրել են եւս 7 միլիարդ դոլար:

Ինչպես դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին է ասում.

«Ռուսաստանը սպառելու է ֆինանսական իր կարողությունները, սպառվելու է այս երկրի պաշտպանության բյուջեն, իսկ մենք պետք է այնպես անենք, որ Ուկրաինան չզգա ֆինանսական դժվարություններ եւ որ այս երկրի պաշտպանության բյուջեն շարունակի աճել»:

Այս շաբաթվա սկզբին Բայդենը ստորագրեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընդունված օրենքի նման մի նախագիծ: Այդ օրենքն էր, որը թույլ էր տվել հսկայական օգնություն ուղարկել նացիստական Գերմանիայի դեմ կռվող երկրներին:

Նոր օրենքը նախագահին թույլ է տալիս արագացնել ռազմական տեխնիկան Ուկրաինա ուղարկելու գործողությունները:

ԻՆչպես վերլուծաբան Ջորջ Բիբին է ասում, «Այս պահին, երբ շարունակում են աճել Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնության ծավալները եւ պատերազմի ավարտն էլ դեռեւս չի երեւում, ամերիկացիների շրջանում չի նկատվում օգնության ծավալները շարունակ մեծացնելու հարցի նկատմամբ դժգոհություն’’:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին երեքշաբթի օրը ժամանեց Սպիտակ տուն, եւ ներկայացրեց ուղերձ այն մասին, որ եվրոպացիները ցանկանում են դիվանագիտական ավարտ ապահովել այս հակամարտության համար:

Բայդենը չարձագանքեց Դրագիի մեկնաբանություններին, իսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան մյուս պաշտոնյաները հայտնեցին թերահավատություն, որ Ռուսաստանը պատրաստ է խոսել այդ հարցի շուրջ:

Այնպես որ, պատերազմը դեռեւս շարունակում է սաստկանալ:

Արամ Վանեցյան. Փեթսի Վիդակուսվարա