‘’Քարոզչությունը գլոբալ սպառնալիք է ազատ լրատվամիջոցների համար’’. Լրագրողներ` առանց սահմանների

Քարոզչություն, վստահելի լրատվամիջոցների վարկաբեկմանն ուղղված օրենքներ, կայքերի նկատմամբ արգելքներ, ձերբակալություններ. Մոսկվայի հարձակումը ազատ մամուլի վրա ուժեղացավ, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա: Դրա արդյունքում Ռուսաստանի ԶԼՄ-ների ազատության վարկանիշն իջել է՝ մոտենալով 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի ստորին սանդղակին:

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության 2022 թվականի զեկույցի համաձայն, տարեկան ինդեքսն առանձնացրել է ռեկորդային թվով երկրներ (28 երկիր), որոնք համարվում են «լրատվամիջոցների շատ վատ ազատություն ունեցող երկրներ»: Նրանք միանում են Չինաստանի նման այն երկների շարքին, որոնք գրաքննությունն արտահանում են իրենց սահմաններից դուրս: Դրան է գումարվում Կրեմլի կողմից ուժեղ քարոզչությունը:

Կտրուկ անկում է գրանցվել նաեւ Հոնկոնգում Պեկինի ազդեցության լծակներն այստեղ ամրապնդվելու արդյունքում:

Եթովպիան և Նիկարագուան նույնպես կտրուկ անկում են գրանցել ԶԼՄ-ները ճնշելու ու գրաքննությանը զարկ տալու արդյունքում: Իշխանության զավթումն էլ մեծապես է ազդել Մյանմարում մեդիա միջավայրի վրա՝ վերացնելով տարիների ընթացքում գրանցված առաջընթացը: Այստեղ ձերբակալվել են լրագրողներ, չեղյալ են հայտարարվել որոշ լրատվամիջոցների գործելու իրավունքը: Արդյունքում որոշ լրատվամիջոցներ հեռացել են երկրից:

Աֆղանստանում թալիբները խոստացան պաշտպանել մամուլի ազատությունը, բայց փոխարենը սահմանափակող օրենքներ ընդունեցին և արգելափակեցին կին լրագրողների եթերը:

Եթովպիայում պատերազմը Տիգրայի շրջանում հանգեցրել է ինդեքսի 13 կետով անկման: Հիասթափեցնող արդյունք մի երկրի համար, որն ընդամենը երեք տարի առաջ գովասանքի էր արժանանում իր բարեփոխումների համար:

ԱՄՆ-ը փոքր-ինչ բարելավել է իր դիրքը 2021 թվականի համեմատությամբ, սակայն լրագրողներն ու լրատվամիջոցները նշում են լուսաբանման խոչընդոտները, որոնց թվում են նահանգների կառավարությունները և բողոքի ցույցերը:

Ժողովրդավարությունը կարևոր դեր է խաղում մամուլի ազատության պաշտպանության գործում։ Սակայն ապատեղեկատվության և քարոզչության այս աճը աղետալի ազդեցություն է թողնում անկախ լուրերի վրա, ասված է ‘’Լրագրողներ` առանց սահմանների’’ կազմակերպության զեկույցում: