ԱՄՆ-ը և դաշնակիցները ուժեղացնում են աջակցությունն Ուկրաինային

tank

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները երեքշաբթի օրը ազդարարեցին, որ իրենք արագ և հզոր կերպով շարժվում են՝ աջակցելու ուկրաինական ուժերին և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա:

ԱՄՆ-ին սկզբում «շաբաթներ էին պետք»՝ ռազմական տեխնիկա և զինամթերք Ուկրաինա տեղափոխելու համար, երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն այժմ, ասել է նա, դա իրականացվում է երեք օրվա ընթացքում:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են տնտեսական հակահարվածները: Մոսկվան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Լեհաստան եւ Բուլղարիա բնական գազի մատակարարումները: Իսկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերրիք Գարլանդը Կոնգրեսում հայտարարեց, թե պաշտպանում է այն օրենսդրությունը, որը թույլ կտա առգրավված ռուսական ակտիվները տեղափոխել «ուղիղ դեպի Ուկրաինա»:

Գերմանիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարեց, որ առաջին անգամը լինելով, ծանր զինատեսակներ կուղարկի Ուկրաինա: Սպիտակ տունը հայտարարեց, որ Գերմանիայի որոշումը ազդարարում է աննախադեպ միասնություն ընդդեմ ռուսական ագրեսիայի: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք չէր պատկերացնում, որ ամբողջ աշխարհն այսքան արագ և վստահ կերպով կկանգներ Ուկրաինայի թիկունքում»: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ասել է, որ Նորվեգիան էլ «Միստրալ» մակնիշի զենիթահրթիռային հրթիռներ է հատկացնում Ուկրաինային:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Ուկրաինային աջակցող դաշնակիցները, հետագա անելիքները քննարկելու համար այսուհետ հանդիպումներ կանցկացնեն ամիսն առնվազն մեկ անգամ:

Մոսկվան այժմ մեղադրում է Արևմուտքին Ռուսաստանի դեմ միջնորդական պատերազմ իրականացնելու մեջ, և նախազգուշացրել է «զգալի» ռիսկերի մասին, ըստ որոնց մարտերը կարող են վերածվել միջուկային հակամարտության:

Ռուսաստանի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Պուտինը «սկզբունքորեն» համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցել Մարիուպոլի «Ազովստալ» երկաթի և պողպատի գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը», - ասել է Գուտերեշի խոսնակը:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ողջունել է Գուտերեշի և ՄԱԿ-ի երկխոսության ցանկությունը՝ միաժամանակ մեղադրելով արևմտյան կառավարություններին բազմակողմանիության սկզբունքները խախտելու և աշխարհի հանդեպ միակողմանի մոտեցում ցուցաբերելու մեջ։ Ռուսաստանի «նպատակներն առաջին հերթին խաղաղ բնակչության պաշտպանությունն է, և այստեղ մենք պատրաստ ենք համագործակցել ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ՝ մեղմելու խաղաղ բնակչության վիճակը», - ասել է Լավրովը։ Սակայն ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ռուսական ուժերը բազմիցս են խափանել մարդասիրական միջանցքներ բացելու իրենց փորձերը:

Թուրքիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, Էրդողանը Պուտինին կոչ է արել համաձայնվել հանդիպել Զելենսկիի հետ եւ սկսել ուղիղ բանակցություններ: Թուրքիան, որը ծովային սահմաններ ունի թե Ռուսաստանի և թե Ուկրաինայի հետ, անցյալում մարտերը դադարեցնելու անհաջող փորձ է կատարել:

Սույն հոդվածը կազմված է Ազգային անվտանգության համակարգում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակից Ջեֆ Սելդինի տրամադրած նյութերի, ‘’Ասոշիեյթեդ փրես’’, ‘’Ռոյթերս’’ եւ ‘’Ֆրանս պրես’’ գործակալություններից ստացված լուրերի հիման վրա: