Ռուսաստանը դադարեցրել է դեպի Լեհաստան և Բուլղարիա գազի մատակարարումները

Ռուսական «Գազպրոմը» չորեքշաբթի օրը դադարեցրեց գազի մատակարարումները Լեհաստան և Բուլղարիա` կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական գործողությունների հետ:

Ռուսաստանը պահանջել է, որ եվրոպական երկրները, որոնցից շատերը էներգակիրների հարցում կախյալ են իրենից, բնական գազի համար վճարեն ռուսական արժույթով՝ ռուբլով:

«Գազպրոմը» հայտարարում է, որ Լեհաստանն ու Բուլղարիան դա չեն արել և, հետևաբար գազի նրանց մատակարարումները կդադարեցվեն:

Լեհ և բուլղարացի պաշտոնյաները հայտարարել են, որ «Գազպրոմի» այս քայլը պայմանագրային խախտում է:

«Գազպրոմի» հայտարարությունը Ռուսաստանի կողմից մեզ գազով շանտաժի ենթարկելու հերթական փորձն է», - չորեքշաբթի օրն ասել է ԵՄ-ի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Մենք պատրաստ ենք այս սցենարին։ Մենք քարտեզագրում ենք մեր համակարգված արձագանքը», ասել է նա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ իր ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայում 59 թիրախների, որոնց թվում են «օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով անգարներ», որոնք ուղարկվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից՝ ուկրաինացի զինվորականներին օգնելու համար:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները երեքշաբթի օրն ազդարարեցին, որ իրենք արագ և հզոր քայլեր են իրականացնում՝ աջակցելու ուկրաինական ուժերին և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա:

ԱՄՆ-ին սկզբում «շաբաթներ էին պետք» ռազմական տեխնիկա և զինամթերք Ուկրաինա տեղափոխելու համար, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ‘’սակայն ԱՄՆ-ը այժմ նոր սպառազինություն է ուղարկում ուկրաինացիներին միայն երեք օրվա ընթացքում’’, ասել է նա:

Գերմանիայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ առաջին անգամ ծանր սպառազինություն կուղարկի Ուկրաինա: Օսթինը, Գերմանիայում գտնվող ԱՄՆ-ի ավիաբազայում հանդիպելով 40 երկրների պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք չէր պատկերացնում, որ ամբողջ աշխարհն այսքան արագ և վստահ կերպով կկանգներ Ուկրաինայի թիկունքում»:

«Մենք ամեն օր ավելի շատ աջակցություն ենք տեսնում» ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար», ասել է նա ու ավելացրել. «Մենք կորցնելու ժամանակ չունենք: Մենք պետք է շարժվենք պատերազմի արագությամբ»:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Գերմանիայի որոշումը ազդարարում է աննախադեպ միասնություն ռուսական ագրեսիայի դեմ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Ուկրաինային աջակցող դաշնակիցները կհանդիպեն ամեն ամիս՝ հետագա օգնությունը համակարգելու համար:

Օսթինը նաև անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե պատերազմը կարող է վերածվել միջուկային հակամարտության Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

«Մենք, անշուշտ, կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ այն դուրս չի գալիս վերահսկողությունից», - ասել է Օսթինը, որը դրանից մեկ օր առաջ ասել էր, թե ԱՄՆ-ի նպատակն է տեսնել Ռուսաստանին թուլացած բանակով: Նա Ռուսասատանի կորուստները համարել է «նշանակալի»: Ռազմական որոշ վերլուծաբաններ ասում են, որ ռուսական բանակը կրել է մոտ 20,000 զոհ:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Պուտինի և Լավրովի հետ՝ փորձելով միջնորդել հրադադարի մասին համաձայնագրի հարցում, երբ Ռուսաստանը նոր հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի արևելյան և հարավային ուղղությամբ: Այնուհետև Գուտերեշը մեկնել է Ուկրաինա՝ նախ կանգ առնելով Լեհաստանում:

Ռուսաստանի մայրաքաղաքում Գուտերեշի հետ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Պուտինը «սկզբունքորեն» համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցել Մարիուպոլի «Ազովստալ» երկաթի և պողպատի գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը», - ասել է Գուտերեշի խոսնակը:

ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ թեև Ռուսաստանը և ՄԱԿ-ը «տարբեր մեկնաբանություններ ունեն Ուկրաինայում զարգացող իրադարձությունների շուրջ, դեռևս կա լուրջ խոսակցության հնարավորություն:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, ամերիկացի դիվանագետները որոշակի քայլեր են ձեռնարկել Ուկրաինայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայությունը վերականգնելու համար:

«Ես կարող եմ հաստատել, որ առաքելության ղեկավարի տեղակալը և դեսպանության թիմի անդամներն այսօր մեկնել են Լվով, որտեղ կարողացել են շարունակել մեր սերտ համագործակցությունը ուկրաինացի առանցքային գործընկերների հետ», - ասել է նա։ «Այսօր նրանք հանդիպել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձանց հետ», ավելացրել է Փրայսը։

Սույն հոդվածը կազմված է Ազգային անվտանգության համակարգում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակից Ջեֆ Սելդինի տրամադրած նյութերի, ‘’Ասոշիեյթեդ փրես’’, ‘’Ռոյթերս’’ եւ ‘’Ֆրանս պրես’’ գործակալություններից ստացված լուրերի հիման վրա: