Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր մինչ այժմ ամենամեծ բալիստիկ հրթիռները: Գիշերային զորահանդեսի ժամանակ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է շարունակել միջուկային կարողությունների զարգացումը «առավել մեծ արագությամբ»։
Երկուշաբթի ուշ երեկոյան Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի կենտրոնական Կիմ Իր Սենի հրապարակում անցկացված լայնածավալ շքերթն այս երկրի ռազմական հզորության մի նոր ցուցադրությունն էր: Շքերթի ժամանակ ցուցադրվել են երկրի ամենակատարելագործվածծ հրթիռները, այդ թվում` ամենամեծ միջցամաքային բալիստիկ հրթիռը:
Իր ելույթում Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը կփորձի ռազմական առճակատում Հյուսիսային Կորեայի հետ, ‘’կոչնչացվի’’։
Անցյալ ամիս էր, որ Հյուսիսային Կորեան 2017 թվականից ի վեր առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկեց: ԱՄՆ-ի ռազմագետները կանխատեսում են այս երկրում ևս մեկ փորձարկում:
Հարավային Կորեայի վերլուծաբաններից Բոնգ Յանգ-շիկն ասում է, որ Կիմ Չեն Ընը կանի ամեն ինչ Կորեական թերակղզում ռազմական լարվածությունը հնարավորինս սրելու և անվտանգության պայմանները հնարավորինս վտանգավոր դարձնելու համար:
2017-ին Կիմը և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միմյանց դեմ հանդես եկան միջուկային պատերազմի սպառնալիքներով, որից հետո Կիմը համաձայնվեց սկսել բանակցություններ: Բանակցությունները սակայն տապալվեցին 2019թ.-ին:
ԱՄՆ-ի ներկա նախագահ Ջո Բայդենի օրոք Հյուսիսային Կորեան մերժել կամ անտեսել է բանակցություններին վերադառնալու հրավերները։
Հյուսիսային Կորեան համակարգված կերպով մշակում է Կիմի կողմից ներկայացված ռազմավարական նշանակության զենքերի ցանկը: Ցուցակում ներառված են մարտավարական միջուկային զենքեր, հիպերձայնային հրթիռներ և մի քանի մարտագլխիկ կրելու ունակ միջմայրցամաքային հրթիռներ: