Իրանը կոչ է անում վերսկսել միջուկային հարցերով բանակցությունները

Իրանը երկուշաբթի օրը կոչ է արել ‘’հնարավորին չափ արագ’’ նոր հանդիպում անցկացնել վերականգնելու համար 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը:

Իրանն ուղիղ բանակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ, եւ անուղղակի կերպով բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով նորից ուժի մեջ դնել այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի նպատակն Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց այս երկրի միջուկային ծրագիրը կասեցնելն է:

Ինչպես Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն է ասել, ‘’Վիեննայում անցկացվող բանակցությունները հեռանկարային էին և դրական’’: Նրա խոսքերով, ամբողջությամբ քննարկվել են նախատեսված բոլոր հարցերը: ‘’Եթե բանակցությունները բարձրացվեն քաղաքական մակարդակի, մենք կարող ենք ակնկալել արագ առաջընթաց բանակցություններում’’, ասել է նա:

2015 թվականին կնքված համաձայնագիրը ենթադրում էր մեղմել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները` երաշխավորելու, որ Թեհրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու նպատակ ունեցող գործողություններից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից 2018 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, և կրկին սահմանեց խիստ տնտեսական պատժամիջոցներ, ինչից հետո Իրանը հրաժարվեց ստանձնած իր պարտավորություններից:

Վիեննայի բանակցությունները, որոնք մեկնարկել են մեկ տարի առաջ, նպատակ ունեն ԱՄՆ-ին նորից դարձնել համաձայնագրի կողմ, ինչն ակնկալում է պատժամիջոցների մեղմում: