‘’ԱՄՆ-ը թույլ չի տալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու որեւէ քայլ’’. Ջեյք Սալիվան

ԱՄՆ-ը նոր ջանքեր է գործադրում Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու համար: Այս մասին, ինչպես ‘’Ռոյթերս’’ գործակալությունն է հաղորդում, հինգշաբթի օրն ասել է նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցել փորձողների վրա’’, ասել է նա Վաշինգտոնի տնտեսական ակումբում տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում հանդես կգանք հայտարարությամբ այն մասին, թե ովքեր են փորձել շրջանցել պատժամիջոցներն, ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է Սալիվանը՝ չմանրամասնելով:

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի հասցեով առաքվող զենքի փոխադրումները խափանելու ցանկացած ջանք կարող է սրել Արևմուտքի հետ դիմակայությունը: «Միացյալ Նահանգները չի գործում Ուկրաինայի տարածքում, ուստի, եթե ռուսները ակնհայտորեն հարվածեն ՆԱՏՕ-ի տարածքին, որտեղ առաքման գույքն է կուտակվում, ՆԱՏՕ-ն ուժի մեջ կդնի 5-րդ հոդվածը և տեղի կունենա խաղի ամբողջական փոփոխություն»:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն ասում է, որ ռազմական դաշինքի մեկ անդամի դեմ հարձակումը հարձակում է նրա բոլոր անդամների դեմ: Այն կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո:

Նա նախազգուշացրել է, որ Ուկրաինայում մարտերը կարող են շարունակվել ամիսներ կամ ավելի երկար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հինգշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների պատճառով ռուսական էներգակիրների արտահանումը պետք է վերահասցեավորվի, դրանց առաքումներն ապահովելով դեպի Աֆրիկա և Լատինական Ամերիկա:

Նա նաև ասել է, որ Արևմտյան և Արևելյան Սիբիրում պետք է դիտարկել նոր նավթագազային խողովակաշարերի կառուցումը։