Չորեքշաբթի օրը պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազներն այցելել են Ուկրաինայի մայրաքաղաքի մոտ գտնվող Բուչա քաղաք, քանի դեռ դատաբժշկական փորձագետները շարունակում են իրենց աշխատանքը:
Նիդեռլանդների Հաագա քաղաքից գործող Քրեական հանցագործությունների միջազգային դատարանը սկսել է հետաքննել Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից թույլ տրված հնարավոր հանցագործությունները: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը համաշխարհային այս կազմակերպության անդամներ չեն: Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ աշխարհն այժմ գիտի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստում էր, երբ պնդում էր, որ Ուկրաինայի քաղաքներում և բնակավայրերում վայրագությունները «կեղծված» են կամ «բեմադրված»: Քրիստինա Կվիենը ‘’Սկայպ’’-ով տված հարցազրույցում ասում է. «Աշխարհը գիտի, որ նա է պատասխանատու Կրամատորսկում երկաթուղային կայարանի պայթյունի համար: Նա է պատասխանատու Բուչայում կատարված վայրագությունների համար: Նա է պատասխանատու Մարիուպոլի ավերածությունների համար: Նա է պատասխանատու Խարկովի ավերածությունների համար»:
Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտի ճեպազրույցի ժամանակ խոսնակ Նեդ Փրայսին մի քանի անգամ հարցրել են, թե ինչու ԱՄՆ-ը չի հետաքննում Ուկրաինայում ռազմական հանցագործությունները, և արդյոք նախագահ Ջո Բայդենը ժամանակավրեպ է օգտագործել «ցեղասպանություն» բառը:
«Մենք այս պահին ներգրավված ենք ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ այս ուղղությամբ աշխատանքներ տանելու գործում:
Ինչ վերաբերում է ‘’ցեղասպանություն’’ եզրույթին, պետք է ասեմ, որ սերտորեն համագործակցում ենք Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի հետ, որը հիմնել է իր իրավասության տակ գտնվող խումբ՝ նման հանցագործությունները բացահայտելու նպատակով քրեական գործ հարուցելու համար»:
Փորձագետները «Ամերիկայի Ձայն»-ին ասել են, որ քանի դեռ ռուս զինվորականները Ռուսաստանի տարածքում են, նրանց ձերբակալելն անհնար է լինելու: Սակայն ինչպես Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտության դոցենտ Ալեքսանդր Դաունսն ասում է. «Այժմ պատերազմական հանցագործությունների գործերով դատավարությունների անցկացման փաստն ագամ կարող է դառնալ հետագա հանցագործությունները կանխարգելելու միջոց’’:
Երեքշաբթի օրը Պուտինը նորից հայտարարեց, որ Բուչայից պատերազմական հանցագործությունների մասին տարածվող տեսանյութերը «սարքված» են: Սակայն այստեղից շարունակում են ստացվել զանգվածային գերեզմաններ ցուցադրող պատկերներ, հավաքագրվում ականատեսների վկայություններ: