Երևանը ԼՂ երկրորդ պատերազմից հետո էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկել Մոսկվայից. կարծիք

Ռազմավարական միջազգային հետազատությունների կենտրոնը (CSIS) օրերս կազմակերպել էր Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Թուրքիայի վրա ուկրաիանական պատերազմի ազդեցության մասին քննարկում մի շարք փորձագետների մասնակցությամբ:

Այսօր ականատես ենք Խորհրդային Միության շարունակվող բռնի փլուզմանը, նկատում է Հարվարդ համալսարանի վերլուծաբան Նարգիս Կասենովան Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Թուրքիայի վրա ուկրաիանական պատերազմի ազդեցության մասին Ռազմավարական միջազգային հետազատությունների կենտրոնի կազմակկերպած հեռավար քննարկմանը:

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով վերլուծաբան Օլեսյա Վարտանյանի խոսքով էլ՝ պատերազմը Ուկրաինայում ստիպում է հարավկովկասյան երկրներին ընտրություն կատարել աշխարահաքաղաքական ճամբարների միջև: Այս ուղղությամբ, ըստ նրա, արդեն նկատելի են որոշակի շարժեր: Օրինակ՝ դեպի ԵՄ և ՆԱՏՕ ձգտող Վրաստանը դիմել է ԵՄ թեկնածու դառնալու հայտով՝ ցանկանալով արագացնել այս գործընթացը: Ադրբեջանն իր հերթին ձգտում է պահպանել չեզոքությունը՝ որպես տարածաշրջանի ամենահարուստ ու ամենաշատ բնակչություն ունեցող երկիր։ Բացի այդ, Արևմուտքը հստակ հետաքրքրված է ադրբեջանական էներգակիրներով՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերություները: Բաքվում այսօր հնչում են բողոքներ ընդդեմ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների, շեշտում է նա:

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ոմանց կողմից այստեղ դիտարկվում է որպես Ադրբեջանի դիրքերն ամրապնդելու և ռուս խաղաղապահներին հեռացնելու հնարավորություն: Սակայն առկա է նաև մտավախություն, որ սխալ քայլը կհանգեցնի բարդությունների և հետևանքների երկրի համար»,- ասում է Վարդանյանը:

Հայաստանն էլ, ըստ նրա, ԼՂ երկրորդ պատերազմից հետո էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկել Մոսկվայից: Այստեղ հանրային կարծիքը չափազանց պառակտված է, և Երևանը չունի մանևրելու տարածություն, շեշտում է բանախոսը:

«Շատերն այստեղ բարձրաձայնում են, թե որն է այլընտրանքը։ Այդ առումով, այլընտրանք են Արևմուտքի հետ հարաբերությունները, ինչպես նաև հարևանների հետ համագործակցությունը: Վերջիններս էլ, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Թուրքիան, դիտարկվում են որպես թշնամիներ»,- նշում է Օլեսյա Վարտանյանը:

Չնայած առկա լարվածությանը նա դրական է գնահատում վերջերս Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովը ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Նա կարևորում է միջազգային ներգրավվածությունը Բաքվի ու Երևանի միջև երկխուսության հարցում՝ շեշտելով, որ այս բոլոր ձևաչափերը, որոնք անգամ նախկինում չեն տվել շոշափելի արդյունքներ, այսօր կարող են նպաստել երկխոսությանը կամ առնվազն զերծ պահել կողմերին իրավիճակի սրումից ու միջադեպերից:

«Իսկապես շատ կարևոր և դրական է, որ ՀՀ ու Ադրևբեջանի առաջնորդները ձգտում են պահպանել և շարունակել երկխոսությունը: Այստեղ շատ կարևոր է ունենալ արտաքին դերակատարների ներգրավվածություն, որը կնպաստի այս տեսակի հաղորդակցման խրախուսմանը»,- ասում է Վարդանյանը:

Նա նաև կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, որը սկսել էր դեռևս ուկրանական պատերազմից առաջ: Այլընտրանքի առկայությունը բխում է Երևանի շահերից, սակայն, ըստ բանախոսի, Անկարան չի շտապում առաջ շարժվել, քանի որ ավելի քիչ է կախված Հայաստանի հետ փակ սահմանից:

Միջոցառման մեկ այլ բանախոս, Ջոն Հոպկինս համալսարանի միջազգայնագետ Լիզեր Հինցն էլ, խոսելով Թուրքիայի վարած քաղաքականության վրա Ուկրաինայի պատերազմի ազդցության մասին, ընդգծում է, որ թուրքական կողմը մի կողմից դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը, սակայն մյուս կողմից չդիմեց լուրջ հակառուսական քայլերի պատժամիջոցների ու այլ միջոցառումների առումով: Անկարան ցանկանում է պահպանել իր միջնորդի դերը ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև, որն արդարացնում է Թուրքիայի չեզոք դիրքորոշումը: Ըստ Հինցի, պատերազմը Ուկրաինայում Թուրքիայի իշխանությունների համար ինչպես մարտահրավեր է, այնպես էլ հնարավորություն թե արտաքին և թե ներքին ճակատում: Այն հնարավորություն է տալիս Էրդողանին վերականգնել վերջին տարիներին վատթարացած հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ և այլ տերությունների հետ, իսկ մյուս կողմից երկրի ներսում առկա տնտեսական խնդիրներն ու ճգնաժամը բացատրել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելով: