Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինա ռուսական ներխուժման մեղսակիցների դեմ

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարեցին 206 ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Նրանցից 178-ը ներգրավված են Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ անջատողական «հանրապետությունների» ռուսամետ անջատողականներին աջակցելու մեջ։

«Արևելյան Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա սարսափելի հրթիռային հարձակումների լույսի ներքո մենք այսօր պատժամիջոցներ ենք կիրառում նրանց դեմ, ովքեր աջակցում են անօրինական անջատողական շրջաններին և մեղսակից են ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացվող վայրագություններին։ Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր օգնում և նպաստում են Պուտինի պատերազմին»,- ասել է բրիտանական դիվանագիտության ղեկավար Լիզ Թրասը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցների ցանկում են, մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության փաստացի «վարչապետ» Ալեքսանդր Անանչենկոն և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Կոզլովը:

Ցուցակում ներառված են նաև Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների մերձավոր ազգականները, որոնց նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել։ Նրանց թվում են Օլեգ Դերիպասկայի զարմիկ Պավել Էզուբովը և Alfa-Bank-ի գլխավոր սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանի բարձրաստիճան աշխատակից Նիգինա Զաիրովան։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կնոջ՝ Մարիա Լավրովայի մուտքը երկիր։ Մեծ Բրիտանիայում նրա ակտիվները սառեցվում են:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է այս շաբաթ օրենք ընդունել՝ արգելելու ռուսական երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների, նորագույն նյութերի և դեպի Ռուսաստան շքեղ իրերի արտահանումը:

Հոդվածը կազմված է ''Ռոյթերս''-ից ստացված տեղեկությունների հիման վրա: