Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը առաջին արևմտյան առաջնորդն է, որն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ներխուժում սկսելուց ի վեր այցելել է Վլադիմիր Պուտինին: Նա ասել է, որ բանակցությունները Մոսկվայում «շատ ուղիղ, բաց և կոշտ են եղել»:
«Ես ընդհանուր առմամբ լավատեսական տպավորություն չունեմ Պուտինի հետ այս զրույցից: Հարձակումը արևելյան Ուկրաինայում ակնհայտորեն պատրաստվում է զանգվածային մասշտաբով», ասել է կանցլերը:
Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց այն լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Եվրամիության անդամ մյուս երկրների հետ մեկտեղ:
Երկուշաբթի օրը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Լյուքսեմբուրգում՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը: Դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ Ռուսաստանի ներխուժումը սննդամթերքի պակաս է առաջացնում: Ժոզեպ Բորելի խոսքերով, «Հատկապես Աֆրիկան է մեծ անհանգստության պատճառ դարձել, քանի որ այս երկրներն են հայտնվելու պարենային ճգնաժամի պայմաններում»:
ԵՄ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարել նաև Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ։ ԵՄ-ը և ՄՔԴ-ը քննիչներ են ուղարկել Ուկրաինա՝ ապացույցներ հավաքելու համար:
Ուկրաինան հայտարարում է, որ Ռուսաստանն իր տարածքում իրականացրել է երկու հազար ռազմական հանցագործություն, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում կոտորածներ, բռնաբարություններ և խոշտանգումներ: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ չնայած առկա բազմաթիվ ապացույցներին:
Ռուսաստանը ՄՔԴ-ի անդամ պետություն չէ, ինչը խոսում է այն մասին, որ այս երկրին պատասխանատվության ենթարկելու հանգամանքը շատ դժվար գործընթաց է ակնկալում:
Լոնդոնի համալսարանական քոլեջից Լուիս Վիվերոսի խոսքերով. «Այս դեպքում ՄՔԴ դատախազությունը պիտի գործի այնպես, ինչպես երբեք չի գործել նախկինում»:
Վլադիմիր Պուտինը պետք է կանգնի միջազգային արդարադատության առջեւ, ասում է Վիվերոսը։
«Կարծում եմ, դրան հասնելու ճանապարհը հատուկ տրիբունալի ստեղծումն է», ասում է նա:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանը նախազգուշացրել է Շվեդիային և Ֆինլանդիային չանդամակցել ՆԱՏՕ-ին: Երկու երկրներն ավելի վաղ սկսել էին քննարկել դաշինքին միանալու հարցը: Վաշինգտոնը հայտարարել է, որ անդամակցության իրենց դիմումները երկու այս երկրները կարող են ներկայացնել հունիսին: