ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ռուսական ագրեսիայի պայմաններում Ուկրաինային աջակցելու Միացյալ Նահանգների վճռականությունը, և կոչ է արել մյուս երկրներին հետևել Վաշինգտոնի օրինակին։
Բլինքենը, ելույթ ունենալով Միացյալ Նահանգների և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո,
Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա անվանել է «հարձակում` ընդդեմ համաշխարհային կարգ ու կանոնի»։
«Միացյալ Նահանգները կշարունակի մեծացնել աջակցությունը Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին և կխրախուսի մյուս երկրներին անել նույնը»,- ասել է նա։
«Ռուսական ագրեսիան կտրուկ հակադրվում է ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեսլականին», - ասել է պետքարտուղարը:
«Ռուսաստանի գործողությունները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն Եվրոպայի և Ուկրաինայի, այլ նաեւ ամբողջ աշխարհի վրա: Դրանք պարենային անապահովության և գների բարձրացման պատճառ են դառնում»,- ասել է Բլինքենը։
Նա շեշտել է, որ այս ներխուժումը խոչընդոտում է Ուկրաինայից հացահատիկի մատակարարման աշխատանքները։